Ներկայումս Ֆրանսիայում, նախկինում Հայաստանում Թուրքմենստանի դեսպանի կինն ու դուստրը Ֆրանսիայից քաղաքական ապաստան են խնդրել
Ֆրանսիայում Թուրքմենստանի դեսպան Շոհրատ Ջումաևի կինն ու դուստրը դիմել են քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով: Այս մասին գրում է Centralasia.media-ն։
Ավելի վաղ ֆրանսիական մամուլին հայտնի էր դարձել, որ մայիսի կեսերին Ջումաևի կինը դիմել է ոստիկանություն: Նա հայտարարել է, որ ամուսինը ծեծի է ենթարկել իրեն ու իրենց 19-ամյա դստերը:
Դրանից հետո դեսպանատունը հերքել էր այս տեղեկությունը:
Դիվանագիտական շրջանակներին մոտ գտնվող մեկ այլ աղբյուր ասել է, որ նա նույնպես տեղեկություններ ունի դեսպանի ընտանիքի կողմից քաղաքական ապաստան հայցելու մասին, բայց դեռ չի կարող հաստատել այս տեղեկությունը: Նրա խոսքով, ապաստանի հայցը ներկայացվել է «վերջերս»:
Ասվում է, որ Շոհրաթ Ջումաևը եղել է Թուրքիայում Թուրքմենստանի հյուպատոս: Այնուհետև, 2008-ին նա նշանակվել էր Հայաստանում Թուրքմենստանի դեսպան: 2010-ին նա նշանակվել էր դեսպան Ռումինիայում, իսկ 2013-ից նա նաև ծառայում է որպես դեսպան Խորվաթիայում: 2018-ի վերջին Ջումաևը դարձել է Ֆրանսիայում և Պորտուգալիայում դեսպան: 2019-ի մայիսին նա նշանակվել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ում Թուրքմենստանի մշտական ներկայացուցիչ: