Շուշան Դոյդոյան. Փաշինյանի նկարագրած աղբանոցը քաղաքական հանրային խոսքում է, իսկ մամուլն ընդամենն արտացոլում է դա
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը լրատվական դաշտի մասին «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանը համարում է ընդհանուր գործընթացի մի բաղադրիչ։
«Սա ոչ այսօր է սկսել, ոչ՝ երեկ։ Վերջին տարիներին մենք ականատես ենք լինում մի իրավիճակի, երբ քաղաքական էլիտան, վերնախավը պարբերաբար թիրախավորում են լրագրողներին ու լրատվական դաշտը։ Անուններ չեն նշվում, բայց անընդհատ տեղի է ունենում գործընթաց, որպեսզի մամուլի նկատմամբ վստահությունը նվազի, մամուլը հեղինակազրկվի»,-հայտարարության հնարավոր նպատակները Panorama.am-ի հետ զրույցում ներկայացրեց տեղեկատվության ազատության հարցերով փորձագետը։
Դոյդոյանի խոսքով, սա շատ լուրջ ու խորքային գործընթաց է, քան այս կամ այն լրատվամիջոցին կամ լրագրողներին պիտակավորելը։
«Սա մամուլի՝ որպես ինստիտուտի նկատմամբ հանրային վստահությունը ջարդելն է։ Այսինքն մի շատ կարևոր առանցքի է հարված հասցվում, որպեսզի հանրությունը դադարի վստահել լրատվական դաշտին՝ որպես կառավարությանը հսկող, կառավարության անդամների անարդարությունների մասին իրազեկող կարևորագույն ինստիտուտ»,-ընդգծեց ՀԿ նախագահը։
Ինչ վերաբերում է Փաշինյանի այն հայտարարությանը, թե լրատվական դաշտում կան որոշները, որոնք նման են քիլլերների, Շուշան Դոյդոյանը հիշեցրեց՝ մամուլը հայելին է այն ամենի, ինչ տեղի է ունենում մեր շուրջը։
«Լրատվական դաշտը չի կարող ավելի լավը կամ վատը լինել, քան մեր իրականությունն է ու հասարակությունը։ Տվյալ դեպքում, երբ հետևում ենք իրավիճակին, տեսնում ենք, որ մամուլը պարզապես արձագանքում է այն կեղտոտ հանրային բառապաշարին, որը հնչեցվում է քաղաքական վերնախավի, ընտրական պայքարում ներգրավված քաղաքական ուժերի ու առանձին գործիչների կողմից։ Մամուլը պարզապես այդ ամենն արտացոլողն է։ Մամուլն ընդամենը ներկայացնում է, ցավով եմ նշում, մեր քաղաքական վերնախավի իրական նկարագիրը։ Դրանից վատ զգալ պետք չէ, ուղղակի պետք է արձանագրել, որ տեսնում ենք այն, ինչ ունենք շրջապատում»,-ասաց փորձագետը։
Նա հիշեցրեց Մարդու իրավուքնների պաշտպանի, լրագրողական կազմակերպությունների հնչեցրած ահազանգերն այն մասին, որ քաղաքական գործիչներն այսօր դարձել են ատելության, թշնամանքի, վիրավորանքի խոսքի կրողներ, նրանք այդ խոսքը տարածում են ու հանրայնացնում։
«Այնպիսի բառեր, որ երբևէ մեր կենցաղում չենք լսել, մենք լսում ենք հանրային խոսքում, մինչդեռ քաղաքական գործիչների խոսքը պետք է լիներ զսպված, կշիռ ունեցող։ Այնպես որ Փաշինյանի նկարագրած աղբանոցը քաղաքական հանրային խոսքում է տիրում, և մամուլը պարզապես դա վերարտադրում է»,-նշեց նա։
Դոյդոյանը ցավով փաստեց, որ նման հայտարարություններ այսօր լսում ենք մի անձից, որը մոտ քսան տարի եղել է ընդդիմադիր լրատվամիջոցի գլխավոր խմբագիր և երբևէ աչքի չի ընկել էթիկական լրագրության ստանդարտներին հետևելով։
«Երբևէ այդ թերթը չի եղել լրագրողական էթիկայի չափանիշներին հետևող, պահող։ Անգամ թերթը չունի էլ լրագրողական էթիկայի կանոնագիրք։ Եւ եթե քո սեփական հնարավորությունը չես օգտագործել՝ որպես խմբագիր ավելի քան քսան տարիների ընթացքում, ապա նման պահանջ դնել լրագրողական համայնքի առջև կեղծ նարատիվ է, քանի որ դու ինքդ դրա օրինակը ցույց չես տվել որպես լրագրողական համայնքի կարկառուն ներկայացուցիչ քո նախկին գործունեության շրջանակում»,-ընդգծեց «Տեղեկատվության ազատության կենտրոն» ՀԿ նախագահը։
Հարակից հրապարակումներ`
- Սաթիկ Սեյրանյան. Տարբեր ժամանակներում Նիկոլ Փաշինյանն է եղել ամենապահանջված լրատվական քիլլերը
- Փաշինյանը երբեք աչքի չէր ընկնում լրագրության մեջ էթիկական կանոնները պահպանողի դերում. Բորիս Նավասարդյան
- Լրատվական դաշտում այսօր գործում են մարդիկ, որոնք ավելի շատ քիլլերի են նման, քան լրագրողի. Փաշինյան
- Լրագրողական կազմակերպությունները կոչով դիմել են ընտրություններին մասնակից ուժերին
- ՔՊ-ի քարոզարշավին շարունակվել են ընդդիմախոսների նկատմամբ ատելության խոսքի, բռնության հրահրման, սպառնալիքների դրսևորումները. Ընտրությունների վերահսկման կոմիտե
- Փաշինյանը քարոզչական հավաքների ընթացքում վարչական լծակներ է օգտագործում և ատելության խոսք տարածում. «Ընտրությունների վերահսկման կոմիտեն»
- Ցանկացած հավաքի վայրում ոստիկանները պարտավոր են երաշխավորել լրագրողների անխոչընդոտ ու անվտանգ աշխատանքը. ՄԻՊ
- ԱԺ ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը պետք է բացառեն վիրավորանքի ու ատելության տարածումը. ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին