ԵԽ գլխավոր քարտուղար․Աշխատում ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների մշակման ուղղությամբ
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ելույթ է ունեցել ԵԱՀԿ Մշտական խորհրդում ու հայտարարել, որ ներկայումս աշխատում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման ուղղությամբ։
«Մենք ներկայումս երկխոսության մեջ ենք`Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների մշակման ուղղությամբ` Լեռնային Ղարաբաղում և նրա հարակից տարածքում վերջին հակամարտությունից հետո»,-հայտարարել է Բուրիչը:
ԵԽ գլխավոր քարտուղարն ասել է, որ Աբխազիայի, Հարավային Օսիայի և Մերձդնեստրի համար առկա են վստահության միջոցներ:
«Դրանց հաջողությունը կախված է իշխանությունների հանձնառությունից: Եվ նրանք տեղյակ են, որ Եվրոպայի խորհուրդը ամբողջությամբ և վճռականորեն աջակցում է իր անդամ պետությունների անկախությանը և տարածքային ամբողջականությանը` իրենց միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,-ասել է Բուրիչը։
Բուրիչն իր ելույթում, խոսելով ԵԽ-ի մասին, ասել է, որ ի վերջո, կազմակերպությունը հիմնադրվեց երկու կործանարար համաշխարհային պատերազմներից հետո՝ «Այլևս երբեք» խոստման վրա։