Սերժ Սարգսյանը պատմել է՝ ինչ է խոսել Օնիկ Գասպարյանի հետ
«Կարող եմ հաստատել փաստը, որ, այո՛, պատերազմից հետո Օնիկ Գասպարյանն ինձ զանգահարել է: Այդ ընթացքում, իհարկե, կոշտ, կոպիտ խոսքեր եղել են»,- Երևանում Արաբկիր վարչական շրջանում քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ճի՞շտ է, որ պատերազմի հետո, երբ այդ ժամանակ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը Սյունիքի ճանապարհին է եղել և Ձեզ հետ հեռախոսազրույց է ունեցել, երկուստեք հայհոյել եք Նիկոլին։
Սերժ Սարգսյանն ասել է, որ նույնիսկ չի հիշում՝ հայհոյել են, չեն հայհոյել. «Բա ինչ անեի՞նք։ Գովասանեի՞նք, ասեինք՝ ապրեք, որ մեր հայրենիքի կեսը հանձնել եք, որ 5000 զոհ եք տվել»։
ՀՀ երրորդ նախագահի կարծիքով, Օնիկ Գասպարյանը մեր զինվորականների լավագույն հատվածին է պատկանում։
«Տևական ժամանակ ճանաչել եմ Օնիկ Գասպարյանին։ Որտեղ աշխատել է, իր պարտականությունները շատ նորմալ կատարել է։ Բայց չե՞ք կարծում, որ ծիծաղելի է՝ իր համերկրացին, որ այդքան պաշտոններ ու կոչումներ է իրենից ստացել, զանգահարում է ինձ և իր անհամաձայնությունն է հայտնում մարդուն, ով ինքն իրեն հռչակել է գերագույն գլխավոր հրամանատար։
Բայց դա չէ կարևորը, կարևորը, իմ կարծիքով, հետևյալն է։ Ինչպիսի՞ փոխհարաբերություններ են իրենք ունեցել հենց ռազմական գործողությունների ժամանակ։ Արդյունքը եղել է այն, որ մենք գնացել ենք ոնց որ կանխամտածված պարտության։ Հիմա այդ ընթացքում Օնիկ Գասպայանը կատարել է իր ցուցումնե՞րը, թե՞ ինքնուրույն է որոշումներ կայացրել։ Դա կերևա, երբ մենք հետաքննություն անցկացնենք։ Իսկ հետաքննություն մենք անցկացնելու ենք։
Գիտեք, երբ որ Օնիկ Գասպարյանն ինձ զանգահարել է, հետևյալն է եղել խոսակցությունը. ասում է՝ ես Սյունիքում եմ, այստեղ դժվար իրավիճակ է։ Հարցնում եմ՝ ի՞նչ դժվար իրավիճակ է։ Ասում է, բացառի չեմ ասում, մոտավորապես, կարծեք թե, մենք պետք է ավելին հանձնենք, քան հանձնել ենք։
Ես էլ ասել եմ՝ մի արատավորիր քո գեներալի պագոնները, որևէ կերպ պետք չի նպաստել այլ որոշումներ կայացնելուն կամ այլ գործողություններ կատարելուն, որոնք նշված չեն կապիտուլյանտի կողմից ստորագրված փաստաթղթում։
288 քառակուսի կիլոմետրը հանձնել ենք նրանց կապիտուլյանտի ասելով ինչ-որ բանավոր պայմանավորվածության հիման վրա։ Գոնե եթե դա չհանձնեինք, Սյունիքը շատ թե քիչ կարող էր անվտանգ լինել»։
Նշենք, որ «Պատիվ ունեմ» դաշինքը շարունակում է նախընտրական քարոզարշավը մայրաքաղաքի վարչական շրջաններում: Դաշինքի ցուցակը գլխավորող Արթուր Վանեցյանը և ցուցակի երկրորդ համար, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը թիմակիցների հետ այսօր շրջել են Արաբկիրում, բակային հանդիպումներ ունեցել այդ վարչական շրջանի բնակիչների հետ, հետաքրքրվել համայնքի խնդիրներից, պատասխանել արաբկիրցիներին հուզող հարցերին։
Իր թիմակիցներին է միացել նաև ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Բակային այցերից մեկի ժամանակ Սերժ Սարգսյանը շախմատ է խաղացել
- Սերժ Սարգսյանը, Արթուր Վանեցյանը հարգանքի տուրք են մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին
- Հատկապես Վայոց Ձորում պետք է հիշենք, որ Հայաստանի անվտանգության խարխլումը սկսվեց այստեղից. Սերժ Սարգսյան
- «Գալու է ժամանակը, որ կազինոների մասին ստերը մտցնելու ենք իր բերանը». Սերժ Սարգսյան
- Յուրաքանչյուրս պարտավոր է «պողպատյա հեղափոխությանը» դեմ տալ վահան և դագանակ՝ քշելու պողպատյա գործիքը մեր դեմ օգտագործողներին. Սերժ Սարգսյան
- Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությունն իր նպատակին ամբողջությամբ ծառայեց. Արմեն Աշոտյան
- Սերժ Սարգսյան. Եթե ինքը զինվորին հարգում է, թույլ կտա՞, որ ադրբեջանցին գա ու գերի վերցնի՞ զինվորին, ծաղրի՞ նրան
- Այս մարդիկ տգետ են, գաղտնապահ և հայրենադավ. Սերժ Սարգսյան
- Սերժ Սարգսյանը հրապարակել է Փաշինյանի ձայնագրությունը