Արտգործնախարարությունը՝ Հայաստանի անկախությունից ի վեր առաջին անգամ գլխատված է. Վարդան Ոսկանյան
«Ըստ էության, Ադրբեջանում շատ խնդիրներ լուծվում են ոչ միայն, կամ ոչ թե Ալիևի կամքի համաձայն, այլև՝ էրդողական միջամտության արդյունքում»,- ասուլիսում ասաց Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Նրա խոսքով, այս համատեքստում հունիսի 15-ին Էրդողանի նախատեսվող այցը Բաքու, այնուհետև սադրիչ բնույթ կրող այցելություն Շուշի, որոշակիորեն ազդում են նաև մեր տարածաշրջանում այլ խաղացողների շահերի վրա։
«Ակնհայտ է, որ Շուշի այցելությունն ունի բացառապես սադրանքի բնույթ՝ ուղղված Հայաստանին, Արցախին, Իրանին և Ռուսաստանին, որովհետև Արցախից բռնազավթված Շուշի քաղաքում Էրդողանի ու Բաքվի բռնապետի հանդիպումը թիրախավորում է ոչ միայն հայկական կողմերին, այլև այլ խաղացողների»,- ասաց Վարդան Ոսկանյանը։
Նա հայտնեց նաև, որ այս պահին խոսք է գնում ինչ-որ պայմանագրի կնքման մասին, որի բովանդակությունն առայժմ հստակ չէ. «Ադրբեջանական սոցցանցային տիրույթում քննարկում են, որ այդ պայմանագրում կարող է լինել նաև ռազմական բաղադրիչի մասին հատված, ինչը, բնական է, չի կարող չանհանգստացել Հայաստանին, նաև՝ դաշնակից Ռուսաստանին և բարեկամ Իրանին։Ուստի այստեղ պետք է սպասել՝ հասկանալու, թե ինչ գործընթացի հետ մենք գործ ունենք»։
Իրանագետը կարևոր մի հանգամանք նշեց. «Այս ամբողջ զարգացումների համատեքստում Հայաստանը ցավալիորեն փաստացի իրավիճակում չունի արտգործնախարարություն։ Հրաժարական է տվել ոչ միայն արտգործնախարարը նաև փոխարտգործնախարարները, և ՀՀ արտգործնախարարությունը՝ Հայաստանի անկախությունից ի վեր առաջին անգամ, գլխատված է, և այդ գլխատումը տեղի է ունեցել Հայաստանում դեռևս իրեն իշխանություն համարվող վարչախմբի «ջանքերի» հետևանքով»։
Վարդան Ոսկանյանն ընդգծեց՝ այս հանցավոր վարչախմբի գործողության հետևանքով Հայաստանում անխտիր խարխլվել են պետական բոլոր ինստիտուտները, այն ինստիտուտները, կառուցակարգերը, որոնք ապահովում են նաև Հայաստանի անվտանգության տարբեր բաղադրիչներ։
«Այժմ ստեղծվել է պարադոքսալ իրավիճակ, երբ Հայաստանում դեռևս իրեն իշխանության համարող վարչախումբը զբաղված է տարատեսակ ամբոխահաճո պոպուլիստական գործունեություն ծավալելով, իսկ Հայաստանի ազգային առողջ ընդդիիմությունը, այդ թվում և հատկապես «Պատիվ ունեմ» դաշինքը, ստանձնել է Հայաստանի անվտանգության խնդիրները մեր բնակչությանը հասանելի կերպով ներկայացնելու ու դրանից բխող քայլերը մշակելու գործընթացի պատասխանատվությունը։
Ըստ էության, Հայաստանում իմ նշած տիրույթում այժմ իշխանություն է ազգային ընդդիմությունը»,- ասաց իրանագետ, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Վարդան Ոսկանյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ն իր ինքնիշխանության որևէ հատվածի նկատմամբ վերահսկողությունից որևէ պարագայում չի հրաժարվելու. «Պատիվ ունեմ»-ի անդամ
- ՀՀ անվտանգության ապահովումը «Պատիվ ունեմ» դաշինքի համար ունի ամենաառաջնային նշանակությունը. Վարդան Ոսկանյան
- ԱԳ նախկին նախարարի հայտարարության տեսագրությունն ուղարկվել է ԱԱԾ
- ԱԳ նախարարի բոլոր տեղակալները ներկայացրել են աշխատանքից ազատման դիմումներ