Հիմա Ադրբեջանն այնքան էլ ուժեղ չէ, բայց փորձում են վախեցնել. Խաչատուրով
«Մենք վստահ էինք, քաջ, մեզանից էին վախենում, մենք չէինք վախենում նրանցից»,- Տավուշի մարզի Նոյեմբերյանի քաղաքային հրապարակում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ ասաց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ -գնդապետ Յուրի Խաչատուրովը։
Նա նշեց, որ հիմա, չգիտի ինչու, բոլորին վախեցնում են՝ պատերազմ կսկսվի։
«Թող սկսվի։ Նախ չի սկսվի, երկրորդ, եթե սկսվի, տեսնենք։ Ոչ մեկ չի ուզում պատերազմ։ Ամենաշատը մենք չենք ուզում, նրանք, ովքեր պայքարել են, գիտեն՝ ինչ է պատերազմը, արյունը։
Նրանք, ովքեր պատերազմի չեն մասնակցել, բանակում չեն ծառայել, նրանց համար մեկ է, ընդհանրապես չեն հասկանում՝ ինչ է մարդու կորուստը, դա չեն ապրել։ Նրանց համար մեկ է, միայն խոսում են։
Մենք տղամարդկություն ունենք ու ասում ենք՝ ոչ մեկի առջև ծնկի չենք գա, ոչ մեկից ներողություն չենք խնդրի ու որևէ մեկից բան չենք խնդրի, մենք ամեն օր ավելի ու ավելի ենք ուժեղանալու, արժանապատիվ ապրելու Հայաստանում։ Սա պետք է մեր կրեդոն լինի»,- ասաց Յ. Խաչատուրովը։
Գեներալ –գնդապետը կրկնեց՝ մենք պատերազմ չենք ուզում, բայց անընդհատ վախեցնում են՝ կսկսվի, կսկսվի. «Չի սկսվի։ Ադրբեջանական բանակն այնքան ուժեղ չէ։ Պատերազմի ժամանակ տուժել է, շատ զոհեր, վիրավորներ ունեն, շատ տեխնիկա է ոչնչացվել։ Այնքան էլ ուժեղ չեն, բայց տեսնում են իրենց առջև ինչ-որ տղաներ են կանգնած, փորձում են վախեցնել։ Բայց կան ոչ միայն այդ տղաները, այլ կան այս տղամարդիկ, ովքեր չեն վախենում նրանցից, ուզում են նրանց հետ երկխոսել որպես հավասարը հավասարի հետ և հաղթել։ Սա է մեր դիրքորոշումը»։
Նոյեմբերյանցիներին ասաց, որ այսօր ամենագլխավոր խնդիրն է այս կառավարությանը փոխելը։
«Ռոբերտ Քոչարյանին գիտեմ 1992 թվականից։ Տղամարդու բնավորություն ունի, գլուխն աշխատում է շատ լավ, 100 տոկոսանոց հայրենասեր է, մեծ կապեր ու հնարավորություններ ունի, ընդհանրապես մեր մարդն է։ Հայ մարդ է, երբեք չի դավաճանի, երբեք որևէ մեկի առաջ գուխը չի կախի։ Հիմա սա է մեզ պետք, այլևս ոչինչ։ Լինի դա, ամեն ինչ կլինի»,- իր ելույթում ներկայացնելով «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ասաց գեներալ –գնդապետ Խաչատուրովը։
Հարակից հրապարակումներ`
- Իմ աչքերով եմ տեսել, թե մեծ Ալիևի կզակն ինչպես էր դողում Ռոբերտ Քոչարյանի առջև. Հենրիկ Քոչինյան
- Եթե ուզում եք մեր պետական մեքենան սկսի ժամացույցի պես աշխատել, ուրեմն վստահեք մեզ, այդ գործը լավ եմ անում. Ռոբերտ Քոչարյան
- Վստահ եղեք՝ լուծելու ենք այդ հարցը. Ռոբերտ Քոչարյան
- Խաչատուրով. Ալենչիկ, դու ինչքան էլ լողանաս, չես մաքրվելու, որովհետև փնթի ես
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան