Վանեցյան. Օտարերկրյա ֆինանսավորմամբ գործող ցանկացած ՀԿ, որը միջամտում է երկրի ներքին գործերին, չպետք է տեղ ունենա Հայաստանում
Այս իշխանությունները փչացրել են արտաքին գործընկերների հետ հարաբերությունները։ «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նման պնդում արեց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ խոսելով Հայաստանի արտաքին հարաբերությունների մասին։
«Նիկոլ Փաշինյանն իր ստերը տեղափոխել է արտաքին աշխարհ և փորձում է խաբել արտաքին գործընկերներին։ Պատերազմի օրերեին ԱԱԾ-ն նրան զեկուցել է, որ արտաքին որևէ աջակցություն մեր երկրին չի ցուցաբերվում ու չի ցուցաբերվելու։ Վերջին պատերազմը ցույց տվեց, որ այս իշխանությունների փչացրած հարաբերությունների պատճառով մենք չկարողացանք Վրաստանի կամ Իրանի տարածքով այնպիսի արագությամբ բերել այնպիսի քանակությամբ զենք, որպեսզի կարողանայինք դիմակայել թուրք-ադրբեջանական ագրեսիային»,-մանրամասներ հրապարակեց նա։
Նա հիշեցրեց, որ Իրանի ու Վրաստանի հետ Հայաստանն ունեցել է շատ լավ հարաբերություններ, անձամբ ինքն այդ երկրների ազգային անվտանգության ծառայության ղեկավարների հետ ունեցել է փայլուն հարաբերություններ, որոնց շնորհիվ կարողացել են լուծել բազմաթիվ հարցեր ի նպաստ Հայաստանի Հանրապետության։
«Մենք պետք է գիտակցենք մի պարզ բան, գործընկերների հետ հարաբերությունները պետք է կառուցենք մեր և նրանց շահերի հատման հաշվին, պետք է զարգացնենք մեր հարաբերությունները դաշնակից Ռուսաստանի հետ, մեր հարևան երկրների՝ Վրաստանի ու Իրանի հետ մենք պետք է ունենանք իրապես փայլուն հարաբերություններ, ինչպես նաև պետք է ունենանք զարգացող հարաբերություններ հիմնական ուժային կենտրոնների՝ ԱՄՆ-ի, ԵՄ երկրների և Չինաստանի հետ»,-ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդը։
Անդրադառնալով օտարերկրյա գործակալների վերաբերյալ օրենքի անհրաժեշտության մասին հարցին, Վանեցյանն ընդգծեց, որ օտարերկրյա ֆինանսավորմամբ գործող ցանկացած ՀԿ, որը միջամտում է Հայաստանի ներքին գործերին, պետությանը, փորձում է թելադրել է իր օրակարգը, չպետք է տեղ ունենա Հայաստանի Հանրապետությունում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան