Արսեն Թավադյան. Ցավոք, ոչ մի կուսակցության մոտ չեմ տեսել կրթությունն ավելի ներառական դարձնելու քայլեր
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզչության ընթացքում «Գիտուժ» նախաձեռնության անդամներն ուսումնասիրել են մասնակից ուժերի ծրագրերում գիտության վերաբերյալ հատվածները։
«Առաջնահերթ խնդիրը կառավարման համակարգի ու համակարգային կառավարման բացակայությունն է։ Գիտությունը, ինչպես ցանկացած մարդկային հարաբերություն, համակարգ է ենթադրում, իսկ մեզ մոտ խզված է կապը կրթության-բարձրագույն կրթության-հետբուհական կրթության միջև»,- մինչ կուսակցությունների կողմից առաջարկվող լուծումներին անդրադառնալը, «Մեդիա կենտրոն»-ի կազմակերպած «Գիտությունը՝ նախընտրական ծրագրերում» թեմայով քննարկմանը, խնդիրները թվարկեց փաստաբան, ԵՊՀ դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու Արսեն Թավադյանը։
Նրա խոսքով, երկրորդ խնդիրն այն է, որ Հայաստանում չգիտեն կամ չեն պատկերացնում՝ գիտությունը չի կառավարվում տնտեսական կանոններով։
«Հայաստանի բոլոր իշխանությունները, ցավոք սրտի, գիտությանը մոտեցել են տնտեսական մեթոդաբանությամբ ու մոտեցմամբ՝ ներդնել միջոց ակնկալելով արդյունք։ Եթե դա ինչ-որ տեղ հնարավոր է բնական գիտությունների դեպքում, ապա հումանիտար գիտությունների դեպքում անհնար է։ Չես կարող ակնկալել, որ օրինակ վաղ միջնադարի երաժշտություն ուսումնասիրողը արդյունք է տալու, մինչդեռ դա շատ կարևոր է»,- ասաց նա։
Երրորդ խնդիրը, ըստ բանախոսի, այն է, որ կրթությունը գնում է էլիտարիզմի ուղիով, եթե մարդն ունի գումար, կստանա լավ կրթություն, եթե ոչ՝ ուրեմն չի կարող ստանալ։
«Հայաստանը չի կարող իրեն նման բան թույլ տալ, մեզ մոտ կրթությունը ոչ ներառական է դարձել, և այդ պրոցեսը շարունակվում է։ Ցավոք սրտի, ես ոչ մի կուսակցության մոտ չեմ տեսել կրթությունն ավելի ներառական դարձնելու վերաբերյալ գործուն քայլեր։ Արդյունքում ստացվում է, այն մարդկանց, որոնք գումար չունեն, կտրում ենք կրթությունից, գիտությունից, ինչն իր հերթին բերում է մրցակցության նվազման»,- նշեց նա։
Արսեն Թավադյանը կարևորեց գիտաշխատողների բազային ֆինանսավորումը, դրան զուգահեռ ծրագրային ֆինանսավորումը։
«Այս առումով շատ կարևոր է, որ օրինակ, ԳԱԱ-ում լինի մի գրասենյակ, որը գիտաշխատողներին կտրամադրի իրավաբանական, հաշվապահական, մարկետինգային, բիզնես պլաններ կազմելու խորհրդատվություն, նրանց համար կգտնի համապատասխան ծրագրեր, որոնց կարող են դիմել։ Հիմա այս ամենը դրված է 90 հազար դրամ ստացող գիտնականի վրա, բնականաբար ակնկալել, որ գիտնականը կկարողանա այդ ամենն անել, աբսուրդ է»,- ասաց նա։
Թավադյանի խոսքով, ցածր ֆինանսավորման դեպքում ունենում ենք 20 տոկոս էնտուզիաստներ, որոնք աշխատում են զուտ էնտուզիազմի և ֆանատիզմի հիման վրա, և 80 տոկոս անձինք, որոնք ոչ մի բանի պիտանի չեն և չեն կարող գտնել իրենց այլ ոլորտներում։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Պապոյան. Այսօր մենք չունենք հստակ ձևակերպված պատվեր, թե ինչ է ուզում պետությունը գիտությունից
- «Գիտուժ»-ը ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ հարցազրույց կանցկացնի
- Պրոֆեսոր. Պետության անվտանգությունն էապես պայմանավորված է տեխնոլոգիաներով, որի հիմքը գիտությունն է
- Արամ Փախչանյան. Մենք ոչ մի իրավունք չունենք հետագա սերնդին զրկել զարգացած պետություն ձևավորելու հնարավորությունից
- Տիգրան Շահվերդյան. Գիտության վիճակի մասին հնչեցվող sos-ը ողջ խորությամբ իշխանությունները չեն գիտակցում
- Հայաստանում գիտության մահը մարտահրավերների առաջ է կանգնեցրել 125 մլն դոլար արժողությամբ Krisp-ին
- Ժիրայր Ավետիսյան. Վերջին պատերազմը Հայաստանի՝ որպես պետության «դեղին քարտն» է, որ մեզ աշխարհը ներկայացրեց
- Պրոֆեսորի ահազանգը. Մենք հիմա անջրպետի առաջ ենք
- Արամ Ջիվանյան. Գիտության ոլորտում կտրուկ փոփոխություններ են հարկավոր, փոքր քայլերը միայն կերկարացնեն հիվանդի հոգեվարքը
- Խաչիկ Նազարյան. Ֆիքսեք, Հայաստանում գիտության վիճակն օրհասական է, գիտնականը՝ անհետացման վտանգի ներքո
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին