Խաչիկ Նազարյան. Քաղաքական ուժերը շեշտադրել են մոնետիզացվող գիտությունների կարևորությունը
Հայաստանում գիտությունը գրավիչ չէ երիտասարդների համար, կիրառական գիտությամբ զբաղվող մասնագետներ չեն մնացել, գիտության որոշ ուղղություններն էլ նվազել են։ «Մեդիա կենտրոն»-ի կազմակերպած «Գիտությունը՝ նախընտրական ծրագրերում» թեմայով քննարկման ժամանակ առկա խնդիրները թվարկեց «Գիտուժ» նախաձենության անդամ,«Robomart» ընկերության համահիմնադիր և գլխավոր տեխնոլոգիական տնօրեն Տիգրան Շահվերդյանը։
Հիշյալ խնդիրները, ըստ նրա, իրենց հերթին հանգեցրել են այն բանին, որ մասնավորի ու պետության միջև կապը խզվել է, չկան ենթակառուցվածքներ, մնացել են միայն հիմնարար գիտություններով զբաղվող գիտնականներ։
«Այստեղ կա սարքավորումների բազայի հնամաշության խնդիր, չկա խրախուսման համակարգ գիտության-մասնավոր-պետության կապի ամրապնդման ուղղությամբ»,- ասաց նա։
Շահվերդյանի խոսքով, այս խնդիրների լուծման առաջամարտիկը պետք է լինի պետությունը, որը պետք է տա պատվեր ու կոնկրետ խնդիր լուծման համար։
Քննարկման մասնակից «Գիտուժ» նախաձեռնության անդամ, Earlyone-ի և Limetech-ի հիմնադիր Գևորգ Սաֆարյանն ընդգծեց՝ խնդիրը մեծ նպատակների բացակայությունն է։
«Եթե մենք ուզում ենք ունենալ հզոր Հայաստան, ուրեմն պետք է ունենանք հզոր գիտություն, բոլոր ոլորտները պետք է սնվեն գիտելիքով, դառնանա հենասյուն մեր զարգացման։ Հզոր տնտեսություն ունենալու համար մեզ անհրաժեշտ է հավելյալ արժեք ստեղծել»,- ասաց նա։
Սաֆարյանի խոսքով, Հայաստանում պետք է գիտակցեն սեփական ռազմարդյունաբերություն ունենալու կարևորությունը, ճիշտ ռեսուրսներ ստեղծելը, դրանք հաջորդ սերունդներին փոխանցելը։
«Այս հստակությունը չկա, ինչի հետևանքով անտեսվել է գիտնականի դերը, հարգանք չի եղել գիտնականի նկատմամբ։ Սրանք կարևորագույն խնդիրներ են»,- ասաց նա։
«Գիտուժ»-ի ներկայացուցիչը պնդեց՝ պետք է գնահատվի առկա ռեսուրսները, ապա դրանից ելնելով՝ զարգացնել գիտության այն ուղղությունները, որոնք կենսական են մեր երկրի անվտանգության, տնտեսության զարգացման համար։
«Գիտուժ» նախաձեռնության անդամ, «VMware» ընկերության ինժեներական տնօրեն, Techնոտուն ակումբի համահիմնադիր, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության վարչության անդամ Խաչիկ Նազարյանը քննարկմանը նախ շնորհակալություն հայտնեց ԶԼՄ-ներին՝ գիտության կարևորության մասին անընդհատ բարձրաձայնելու համար, ապա քաղաքական ուժերին։
«Լավ է, որ քաղաքական ուժերը զգացել են՝ որոշակի հանրային պահանջ է ձևավորվել։ Նրանցից մի քանիսը մեզ հետ ուղիղ աշխատում են ծրագրերի լրամշակման համար»,- ասաց Նազարյանը։
Նա նշեց, որ նախընտրական ծրագրերում քչերն են հատուկ շեշտադրում արել հումանիտար գիտությունների վրա, ուշադրության կենտրոնում են մոնետիզացվող ուղղությունները։
«Շեշտված են կիրառական, մոնետիզացվող ուղղությունները, չափելի արդյունքը և այլն։ Նման շեշտադրումները շատ-շատ են, բայց հումանիտար գիտությունները, ինչպես օրինակ, դիվանագիտությունը, անասելի կարևոր են։ Քաղաքական ուժերի ծրագրերում շատ պակասում է շեշտադրումը, որ գիտությունն ընդհանուր հանրային մշակույթի բարձրացմանն է նպաստում։ Եթե գիտնականի ստատուսը հասարակության մեջ բարձր է, ապա դա կրթության համար լոկոմոտիվ է։ Բացի այդ, համարյա չկար ծրագիր, որտեղ ակնհայտ է, որ գիտությունն ամեն ինչի համար ֆունդամետ է։ Բայց էլի եմ կրկնում, տեղաշարժ, որոշակի առաջընթաց կա»,- ասաց Նազարյանը։
Նա էլ կարևորեց գիտությանը տրամադրվող ֆինանսավորման տևական ու կայուն աճը, ուրախություն հայտնեց, որ որոշ ծրագրերում արձանագրված է, որ գիտւթյանը պետք է հատկացնել ՀՆԱ-ի 1 տոկոսը, ինչպես պահանջում են նախաձեռնության անդամները։
Նազարյանի խոսքով, պետք է լուծումներ տրվեն այնպիսի կարևոր խնդիրների, ինչպիսիք են գիտություն երիտասարդների ներհոսքի ապահովումը, Սփյուռքի ներուժի օգտագործումը, հումանիտար գիտությունների զարգացումը։
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Թավադյան. Ցավոք, ոչ մի կուսակցության մոտ չեմ տեսել կրթությունն ավելի ներառական դարձնելու քայլեր
- Արամ Պապոյան. Այսօր մենք չունենք հստակ ձևակերպված պատվեր, թե ինչ է ուզում պետությունը գիտությունից
- «Գիտուժ»-ը ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ հարցազրույց կանցկացնի
- Արամ Փախչանյան. Մենք ոչ մի իրավունք չունենք հետագա սերնդին զրկել զարգացած պետություն ձևավորելու հնարավորությունից
- Տիգրան Շահվերդյան. Գիտության վիճակի մասին հնչեցվող sos-ը ողջ խորությամբ իշխանությունները չեն գիտակցում
- Ժիրայր Ավետիսյան. Վերջին պատերազմը Հայաստանի՝ որպես պետության «դեղին քարտն» է, որ մեզ աշխարհը ներկայացրեց
- Պրոֆեսորի ահազանգը. Մենք հիմա անջրպետի առաջ ենք
- Արամ Ջիվանյան. Գիտության ոլորտում կտրուկ փոփոխություններ են հարկավոր, փոքր քայլերը միայն կերկարացնեն հիվանդի հոգեվարքը
- Խաչիկ Նազարյան. Ֆիքսեք, Հայաստանում գիտության վիճակն օրհասական է, գիտնականը՝ անհետացման վտանգի ներքո
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան