Սյունիքի մի շարք ճանապարհներին ադրբեջանցիներ են, ավելին` նրանք զենքի բացահայտ ցուցադրումով են. ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին շարունակվում են ներկայացվել քաղաքացիների ահազանգերն այն մասին, որ ՀՀ Սյունիքի մարզում` Գորիսից Որոտան և Շուռնուխ ճանապարհին, Կապանից Ճակատեն, Շիկահող, Սրաշեն և մի շարք այլ բնակավայրերի միջև ճանապարհներին առկա են ադրբեջանական զինված ծառայողներ, ավելին` նրանք զենքի բացահայտ ցուցադրումով են:
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտնում է, որ ահազանգեր են ստացվում այն մասին, որ Սյունիքի մարզի նշված համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանական դրոշներն ու ցուցանակներն օգտագործվում են պատրվակ` ադրբեջանական զինված ծառայողներ տեղակայելու համար: Այս արարքները պատճառով խաթարվել է մարդկանց ողջ ազատ տեղաշարժը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ արձանագրում է, որ ադրբեջանական զինված ծառայողների ինքնին առկայությունը ՀՀ Սյունիքի մարզի համայնքների միջև ճանապարհներին ողջ երկրի և առաջին հերթին` Սյունիքի մարզի նշված համայնքների բնակիչների Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով ամրագրված կյանքի իրավունքի խախտում է:
Բացի այն, որ նրանց ներկայությունը խաթարել է ԵԱՀԿ պահանջներով երաշխավորված բնակչության անվտանգ ու խաղաղ կյանքը, նաև Եվրոպական կոնվենցիայի 4-րդ արձանագրության 2-րդ հոդվածով երաշխավորված մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքի շարունակվող խախտում է:
Խախտված է նաև Եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածով ամրագրված սեփականության իրավունքը, քանի որ ադրբեջանական զինվորականները հենց օրինական պաշտոնական փաստաթղթերով մարդկանց պատկանող տներում կամ հողատարածքներում են (Օրինակ` Որոտան, Շուռնուխ և այլն): Դա խաթարել է մարդկանց ապրելակերպն ամբողջությամբ:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ կառավարությունը պետք է հրատապ միջպետական գանգատով դիմի ՄԻԵԴ. Թաթոյան
- Ադրբեջանցիները կրակել են Վերին Շորժա և Կութ գյուղերի հարևանությամբ. ՄԻՊ
- ՄԻՊ. Ադրբեջանցիները գողացել և մինչ օրս չեն վերադարձրել Կութ գյուղի հինգ ընտանիքի 80-ից ավելի եղջերավոր կենդանիները
- ՄԻՊ-ը խումբ է գործուղել Սյունիք
- Վերին Շորժայում ադրբեջանցիները փորձել են գողանալ հովվի 20 ձիերը, հայ զինծառայողները կրակել են. ՄԻՊ
- Կութում ադրբեջանցիները գողացել են 80-ից ավելի եղջերավոր կենդանի, իսկ 4-ին կրակահերթով սպանել են. ՄԻՊ
- Զինված ադրբեջանցիներն իջնում են Վերին Շորժայի արոտավայրերը, սպառնալիքներ տալիս գյուղացիներին զենքի ցուցադրումով. ՄԻՊ