ՔՈ. Բոյկոտն ուժի մեջ է
ՔՈ կուսակցության մամուլի քարտուղար Միքայել Նահապետյանը տարածել է հաղորդագրություն, որտեղ ասված է.
«Հունիսի 8-ին ընտրություններին մասնակցող ևս 9 կուսակցությունների հետ հայտարարել էինք, որ նախընտրական ցուցակներում առաջին համարների հանրային բանավեճը բոյկոտում ենք մասնակիցների ընտրության անարդար սկզբունքի պատճառով։ Այսօր՝ 14․06․2021թ․, Հանրային Հեռուստաընկերությունից զանգ է եկել բոյկոտող կուսակցություններին, որով ապատեղեկատվություն են տարածել, թե բոյկոտող կուսակցությունների մեծ մասը համաձայնել են մասնակցել բանավեճին և մնում են միայն իրենք։
Քաղաքացու որոշում կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Սահակյանը զանգահարել է բոլոր 9 կուսակցությունների առաջին համարներին և ստացել հավաստիացում, որ իրենք շարունակում են բոյկոտել և, ըստ այդմ, Հանրային Հեռուստաընկերության համապատասխան ներկայացուցիչը զբաղված է էժանագին մանիպուլյացիաներով։
Այսպիսով, բոյկոտող կուսակցությունները և դրանց առաջին համարներն են, որոնք վերահավաստել են իրենց ստորագրությունը․
1․ Ազատական կուսակցություն / Սամվել Բաբայան
2․ Ազգային Օրակարգ / Արա Հակոբյան
3․ Արդար Հայաստան / Նորայր Նորիկյան
4․ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն / Դավիթ Սանասարյան
5․ Համահայկական ազգային պետականություն» (ՀԱՊ) կուսակցություն / Արթուր Վարդանյան
6․ Մեր տունը Հայաստանն է կուսակցություն / Տիգրան Ուրիխանյան
7․ ՄԻՀԱԿ-Միասնական Հայրենիք Կուսակցություն / Լուսինե Ավագյան
8․ Շիրինյան-Բաբաջանյան Ժողովրդավարների Դաշինք /Արման Բաբաջանյան
9․ Քաղաքացու որոշում ՍԴԿ / Սուրեն Սահակյան
Զարթոնք կուսակցությունը, ի դեմս Արա Զոհրաբյանի չի միացել հայտարարությանը, սակայն, վերահաստատում է միևնույն հիմքերով բանավեճը բոյկոտելու իր դիրքորոշումը։
Բոյկոտին չմիացած կուսակցություններին ևս կոչ եմ անում միանալ դրան և բարձրացնել արդարության ձայնը՝ չտրվելով իրենց պարտադրված կանոններին»։