Չինաստանը բողոք է ներկայացրել G7-ի գագաթնաժողովի մասնակիցներին՝ «Չինաստանին զրպարտելու» համար
Չինաստանի իշխանությունները իրենց խիստ բողոքն են հայտնում G7 գագաթնաժողովի մասնակից երկրներին (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա և Ճապոնիա) «զրպարտության և ՉԺՀ ներքին գործերին միջամտելու փորձերի համար»: Այս մասին այսօր հայտարարեց Մեծ Բրիտանիայում Չինաստանի դեսպանությունը, գրում է Tass-ը։
«Մենք պնդում ենք, որ ԱՄՆ-ը և G7-ի մյուս երկրները դադարեցնեն ՉԺՀ-ին զրպարտելը և մեր երկրի ներքաղաքական գործերին խառնվելը։ Նրանք չպետք է խախտեն Չինաստանի շահերը։ Նրանց պետք է ջանքեր գործադրել, որոնք դրականորեն կանդրադառնան միջազգային համագործակցության վրա, այլ ոչ թե նպաստեն հակամարտությունների և հակասությունների առաջացմանը», - ասվում է Չինաստանի դիվանագիտական առաքելության կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Փաստաթղթում նշվում է, որ G7-ի ներկայացուցիչների վերջին հայտարարությունները Հոնկոնգում և Սինցզյանում տիրող իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև Թայվանի խնդրի վերաբերյալ «ավելի ու ավելի շատ են ցույց տալիս նրանց վատ մտադրությունները»:
«Մենք այդ կապակցությամբ հայտնում ենք մեր խիստ դժգոհությունն ու բողոքը», - ասվում է հայտարարության մեջ:
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, «Մեծ յոթնյակի» անդամ երկրների՝ Չինաստանի վրա ճնշում գործադրելու փորձերը «լրջորեն խախտում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները»:
Նշենք, որ հունիսի 11-13-ն անցկացված G7-ի գագաթնաժողովի եզրափակիչ կոմյունիկեում մասնակից երկրների ղեկավարները մտադրություն են հայտնել համաձայնեցնել Չինաստանի դեմ «ոչ շուկայական պրակտիկայի և քաղաքականության» մոտեցումները, որոնք նրանք անվանում են մարտահրավեր համաշխարհային տնտեսության արդար գործունեությանը:
Նրանք պահանջում են, որ ՉԺՀ-ն հարգի Հոնկոնգի և ույղուրների ժողովրդի իրավունքներն ու ազատությունները՝ առաջին անգամ կոչ անելով «խաղաղության և կայունության Թայվանի նեղուցում»: «Մեծ յոթնյակը» հայտարարել է Պեկինի հետ համագործակցելու պատրաստակամության մասին «որտեղ այն համապատասխանում է փոխադարձ շահերին», ինչպես նաև ընդհանուր գլոբալ մարտահրավերներին: