Չի կարելի գալ փողոցից ու երկիր կառավարել, բանակցային գործընթացը դիլետանտների համար չէ․ Արկադի Ղուկասյան
«Ո՞վ բերեց այս իշխանությանը, ի՞նչ նպատակով, ես փաստեր չունեմ այն պնդելու համար, բայց ոչինչ չեմ բացառում»,- այսօր Լազարևյան ակումբի քննարկման ժամանակ հայտարարեց Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը՝ պատասխանելով Արտաշես Գեղամյանին, որը հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանին իշխանության բերեցին Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները՝ Լեռնային Ղարաբաղը հանձնելու նպատակով։
Արկադի Ղուկասյանի խոսքերով, իր մոտ առաջին օրվանից տարակուսանք է եղել, թե ինչ է արվում։
«Մենք ողջ այս 30 տարիներին չէինք դադարել լինել պատերազմող երկիր, քանի որ պատերազմը ողջ ժամանակ շարունակվում էր։ Եվ այս ռազմական դրության պայմաններում 3 տարում փոխել պաշտպանական բանակի 4 հրամանատարներ, մեղադրել նախորդ իշխանություններին հեշտ է, բայց դրանք ձեր նշանակումներն են։ Դուք նշանակել եք, դուք հանել եք»,- ասաց Ղուկասյանը՝ հավելելով, որ այսօր Հայաստանի իշխանությունները մեղադրում են այն զինվորական գեներալներին, որոնց իրենք են նշանակել։
Նրա խոսքերով, անընդհատ մեղավոր գտնելու այս ձգտումը անհասկանալի է։
Նշելով բանակցային գործընթացի մասին՝ Արցախի նախկին նախագահն ասաց, որ այսօրվա իշխանությունները, բացառապես առանց կասկածի, խոսում են բաների մասին, որոնցից ոչինչ չեն հասկանում։
«Վերջիվերջո, ամոթ չէ հարցնելը։ Մենք առաջարկել ենք մեր ջանքերը, մեր օգնությունը, քանի որ չի կարելի գալ փողոցից ու երկիր կառավարել, զբաղվել արտաքին քաղաքականությամբ։ Տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ, բայց կարելի էր հարցնել։ Որպեսզի հասկանալ, թե ինչ փուլում է գտնվում բանակցային գործընթացը, պետք է իմանալ, թե ինչից ենք մենք սկսել, ինչի ենք հասել։
Բանակցային գործընթացը դիլետանտների համար չէ։ Եվ երբ դու մի կողմից թուլացնում ես բանակը՝ երեք տարում փոխելով գեներալներին, սպաներին, բանակցային գործընթացը սկսում ես զրոյից, այս ամենը շատ վտանգավոր է»,- ասաց Ղուկասյանը, հույս հայտնելով, որ ապագայում հաշվի կառնվեն նաև այս սխալները։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան