Հայոց ցեղասպանության հարցը Էրդողան-Բայդեն հանդիպման ժամանակ պետք է օրակարգում հայտնվեր․ Դավութօղլու
Հունիսի 14-ին Բրյուսելում ՆԱՏՕ գագաթնաժողովի շրջանակներում առաջին անգամ կայացել է Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահների՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ջո Բայդենի հանդիպումը։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Նախօրեին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Բելգիա մեկնելիս, անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման թեմային, Էրդողանն ասել էր․ «Սա մեզ համար շատ ցավոտ գործընթաց էր։ Մենք չենք կարող այս հարցն անտեսել ու օրակարգ չբերել, դա ճիշտ չի լինի, որովհետև Թուրքիան պատահական երկիր չէ: Հուսով եմ (Բայդենի հետ) այնպիսի հանդիպում կլինի, որը մոռացության կմատնի ապրիլի 24-ը»։
Մինչդեռ Բայդենի հետ շուրջ 90 րոպե տևած հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի նախագահը հայտնել էր, որ Հայոց ցեղասպանության թեմային որևէ անդրադարձ չի եղել․ «Փառք Աստծո, ընդհանրապես օրակարգ չի եկել»։
Էրդողանի այս հայտարարությունը մեծ աղմուկ է բարձրացրել թուրքական մամուլում և ընդդիմադիր քաղաքական շրջանակներում:
Նախկին արտգործանախար, ներկայումս ընդդիմադիր «Ապագա» (Gelecek) կուսակցության առաջնորդ Ահմեթ Դավութօղլուն կոշտ է արձագանքել Էրդողանի հիշյալ հայտարարությանը:
Դավութօղլուն Էրդողանին մեղադրել է համարձակություն չդրսևորելու մեջ:
«Թրամփի՝ (Էրդողանին ուղղված-խմբ.) «Հիմար մի եղիր» նամակից հետո ևս մեկ անգամ հիասթափություն ապրեցինք: 1915թ. դեպքերի վերաբերյալ ասել, որ «Փառք Աստծո, այդ հարցն օրակարգ չի եկել», անզորություն է: Դա արտացոլում է այն պասիվ ենթագիտակցությունը, որը չի կարող քողարկել քաջությունը»,-գրել է Դավութօղլուն:
Ընդդիմադիր գործչի համոզմամբ՝ Հայոց ցեղասպանության հարցը Էրդողան-Բայդեն հանդիպման ժամանակ պետք է օրակարգում հայտնվեր և Բայդենին անհրաժեշտ պատասխան տրվեր:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա