ԼՂ-ին հումանիտար աջակցությունը ԵՄ կողմից պետք է լրացվի համապարփակ խաղաղ կարգավորման քայլերով․ ԵԽ պատգամավոր
«Հայաստանի ու Ադրբեջանի միջև 6 շաբաթ տևած վերջին բախումը հանգեցրեց բազմաթիվ մարդկանց մահվան, հարյուր հազարավոր մարդիկ ստիպված եղան լքել իրենց տները, հանրային ենթակառուցվածքները լրջորեն վնասվեցին, ինչը նշանակում է, որ հումանիտար կարիքները հսկայական են»,- Եվրոպական խորհրդարանի Զարգացման հանձնաժողովում Եվրոպական հանձնաժողովի հետ՝ «ԵՄ-ի հումանիտար արձագանքը Լեռնային Ղարաբաղի ճգնաժամին» թեմայով քննարկմանը հայտարարեց լեհ պատգամավոր Յանինա Օխոյսկայան։
Օխոյսկայան խոսեց Ադրբեջանի հսկողության տակ անցած հայկական մշակութային ժառանգության պահպանման մասին։
Պատգամավոր Պիերֆրանչեսկո Մաջորինոն հայտարարեց, որ այս հակամարտությունն ավարտված չէ ու առկա է միայն հրադադար, ու ԵՄ-ն ևս պետք է ազդեցություն ունենա իրավիճակի կայունացման հարցում։
Պատգամավոր Աննա Միշել Ասիմակրուոլուն ողջունեց ԵՄ կողմից մոտ 17 մլն եվրոյի աջակցությունը Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո, սակայն, ասաց, որ պետք է ընդունել, որ կան բարդ հարցեր՝ քաղաքական իրավիճակը։
«Հումանիտար աջակցությունը ԵՄ կողմից պետք է լրացվի քայլերով՝ դեպի ավելի համապարփակ խաղաղ կարգավորում»,-ասաց պատգամավորը։
Աննա Միշել Ասիմակրուոլուի խոսքերով, հրադադարի կնքումից հետո Հայաստանն իրականացրել է իր բոլոր պարտավորություններն ու համաձայնել մի քանի քաղաքականորեն ցավոք զիջումների, ինչը չի արվել Ադրբեջանի կողմից, որը շարունակում է ռազմագերիներ վերցնել, բացել է ռազմավարի այգի։
«Ինչպես Թուրքիայի ռազմական ու քաղաքական աջակցությունը քաջալերեց Ադրբեջանին ռազմական հարձակում կատարել, այժմ Թուրքիան քաջալերում է հետպատերազմական միջավայրի ստեղծումը, որը հստակ թշնամական է»,- ասաց պատգամավորը, հավելելով, որ Էրդողանը Բրյուսելից հետո այցելելու է Բաքու՝ մասնակցելու Ադրբեջանի հաղթական տոնակատարություններին։