ԵՄ հանձնաժողով․Հումանիտար մարտահրավերների հետ կապված հիմնական մտահոգությունը ԼՂ պատշաճ մուտքի բացակայությունն է
Եվրոպական խորհրդարանի Զարգացման հանձնաժողովում տեղի ունեցավ քննարկում Եվրոպական հանձնաժողովի հետ՝ «ԵՄ-ի հումանիտար արձագանքը Լեռնային Ղարաբաղի ճգնաժամին» թեմայով։
Քննարկումը բացելով՝ շվեդ պատգամավոր Թոմաս Թոբեն հայտարարեց, որ նախորդ աշնանը Հայաստան-Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ հակամարտությունը դրամատիկ ձևով բռնկվեց, որում «Ադրբեջանին աջակցում էր Թուրքիան ու Ադրբեջանը գրավեց իր տարածքները Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքների շուրջ, ինչպես նաև այդ շրջանի մի մասը», ինչը հանգեցրեց քաղաքացիական զոհերի ու տեղահանվածների։
Եվրոպական հանձնաժողովի Հարավարևելյան Եվրոպայի և Արևելյան հարևանություն (ECHO.DDG.C.2) հարցերով ստորաբաժանման ղեկավար Մարտին Թաշները ներկայացրեց ԵՄ կողմից Լեռնային Ղարաբաղին հումանիտար աջակցությունը, ասելով, որ Եվրոպական հանձնաժողովն անմիջապես արձագանքել է հումանիտար կարիքներին, աջակցել հակամարտությունից տուժած բնակիչներին Հայաստանում, Ադրբեջանում, ներառյալ Լեռնային Ղարաբաղում։
Նշվեց, որ հոկտեմբերին հատկացվել է նախնական ֆինանսավորում՝ 500 հազար եվրո Կարմիր խաչին, այնուհետ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո հատկացվել է 3 մլն եվրո։
Թաշները նշեց, որ Կարմիր խաչի կոմիտեն միակ դերակատարն է, որն անմիջական հումանիտար աջակցություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղին։ Մարտին ևս 3 մլն է հատկացվել 2021թ․-ի բյուջեով Լեռնային Ղարաբաղին։ Մայիսի 17-ին հանձնաժողովը հայտարարել է հավելյալ 10մլնի հումանիտար աջակցության տրամադրման մասին։
«Այստեղ հիմնական մտահոգությունը՝ կապված հումանիտար մարտահրավերների հետ, դեռևս Լեռնային Ղարաբաղ հումանիտար պատշաճ մուտքի բացակայությունն է»,-ասաց Թաշները, հավելելով, որ Կովիդ-19-ը ևս ուժեղ ազդեցություն է ունեցել հումանիտար խնդիրների վրա։
Նշվեց, որ շուրջ 100 հազար մարդ դեռ կարիքի մեջ է. մոտ 40 հազար մարդ կարիքի մեջ է Հայաստանում, մոտ 45 հազար մարդ՝ Լեռնային Ղարաբաղում, 15 հազարը՝ Ադրբեջանում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան