ՀԲ. Հայաստանը կլիմայի փոփոխության ռիսկի տեսանկյունից՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի չորրորդ ամենախոցելի երկիրն է
Կլիմայի փոփոխության նկատմամբ խիստ խոցելի վիճակում գտնվող Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը և անտառներից ածխածնի կրճատմանը՝ նվազեցնելով վառելափայտի պահանջարկը և ներդնելով կենսակայուն և անտառների կառավարման՝ կլիմային հարմարեցված հմտություններ։
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փոխանցմամբ, այս աշխատանքները նախատեսվում են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) անտառաբուծության ծրագրի միջոցով, որը Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) կողմից ֆինանսավորվող առաջին լայնածավալ ծրագիրն է Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում:
Ծրագրի նպատակն է 2.5 տոկոսով ընդլայնել անտառային տարածքները, առնվազն 30 տոկոսով կրճատել գյուղաբնակ համայնքների վառելափայտի պահանջարկը, նպաստել կայուն և կլիմային հարմարեցված անտառկառավարմանը և ապահովել տեխնոլոգիաների փոխանցումը գյուղական համայնքներին, մասնավոր հատվածին ու պետական մարմիններին՝ անտառ-էներգիա փոխկապակցված մոտեցման համատեքստում: Կանաչ կլիմայի հիմնադրամի ութամյա ծրագիրը, որի ընդհանուր բյուջեն 18.7 միլիոն ԱՄՆ դոլար է, կխարսխվի Հայաստանի կառավարության, Ավստրիական զարգացման գործակալության, Բոլցանո ինքնավար նահանգի, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի և ՊԳԿ-ի տրամադրած ֆինանսավորման և տեխնիկական հմտությունների վրա։
Համաշխարհային բանկի տվյալներով, Հայաստանը կլիմայի փոփոխության ռիսկի տեսանկյունից՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի չորրորդ ամենախոցելի երկիրն է։ Երկրի ներկա կլիմայական միտումները և կանխատեսումները վկայում են, որ հետագայում օդի միջին ջերմաստիճանի բարձրացում, տեղումների և գետահոսքերի նվազում և ձյան ծածկույթի կրճատում է սպասվում: Բնակչությունը մեծապես կախված է վառելափայտից, որի հետևանքով կլիմայի փոփոխության նկատմամբ զգայուն անտառները է՛լ ավելի մեծ սթրեսի են ենթարկվում։
Կազմակերպության փոխանցմամբ, ծրագրի թիրախային տարածքներ են ընտրվել Հայաստանի հյուսիսում՝ Լոռու մարզը և հարավում՝ Սյունիքի մարզը։ Այս երկու մարզերն ընտրվել են՝ ելնելով անտառների տեսակից, բնակչության խտությունից և աղքատության մակարդակից, նրանց՝ կլիմայի փոփոխության ազդեցության ենթարկվելու աստիճանից, ինչպես նաև կարևոր անտառային էկոհամակարգերի վրա ունեցած ազդեցությունից։ Կենսապահովման միջոցների բազմազանեցման և անտառների կառավարմանն ավելի ակտիվ մասնակցության շնորհիվ ավելի քան 377,000 մարդ (ընդհանուր բնակչության 12 տոկոսը) ծրագրի ուղղակի շահառու կդառնա:
Կանաչ կլիմայի հիմնադրամի ներդրումների արդյունքում ակնկալվում է, որ անտառ-էներգիա փոխկապակցված մոտեցման շնորհիվ 20 տարվա ընթացքում շուրջ 20 միլիոն տոննա ածխածնի երկօքսիդ մթնոլորտ չի արտանետվի։
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են