Վերականգնված կտավի պատմություն՝ Այվազովսկի
Հայաստանի ազգային պատկերասրահը «Վերականգնված ցուցանմուշների պատմություն» ծրագրի շրջանաում այս անգամ ներկայացնելու է հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Չումակներ․ Սայլավորներ» (1857 թ.) կտավի վերականգնման պատմությունը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադրման 100-ամյակի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ անցկացվող «Հիշողության կերպարանքներ․ ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» 10-րդ միջազգային սեմինարի շրջանակում Հայաստանի ազգային պատկերասրահը շարունակում է «Վերականգնված ցուցանմուշների պատմություն» ծրագիրը՝ համալրելով «Արվե՞ստ, թե՞ գիտություն․ երեք վերականգնված կտավների պատմություն․ Բաշինջաղյան, Կոջոյան, Սարյան» խորագրով ցուցադրությունը Հովհաննես Այվազովսկու «Չումակներ․ Սայլավորներ» (1857 թ.) կտավի վերականգնման յուրահատուկ պատմությամբ։
Մշակութային արժեքների վերականգնման պրոցեսի ցուցադրությունն այսօր դարձել է թանգարանային նոր միտում, որը հնարավորություն է տալիս այցելուին հայտնվելու վերականգնման առեղծվածային աշխարհում: 19-20-րդ դդ. հայկական կերպարվեստի խոշորագույն վարպետների վերականգնված կտավների կողքին ցուցադրվում են վերականգնման երկարատև ընթացքն ամփոփ ներկայացնող աշխատանքային լուսանկարներն իրենց բացատրագրերով:
Ցուցասրահներից յուրաքանչյուրում նաև տեղակայված է վերականգնման արվեստանոցի մի անկյուն՝ աշխատանքային սեղան, նկարակալ, որոնց վրա տեղադրված են պատռվածքներով, ներկաշերտի կորուստներով ու թափվածքներով կտավներ, ինչպես նաև կոտրվածքներով ու բացակայող հատվածներով դեկորատիվ-կիրառական առարկաներ: Վերականգնման ենթատարածքի ամենահետաքրքիր «նմուշներից» են ժամանակակից մանրադիտակն ու ուլտրամանուշակագույն լամպը, որոնցով այցելուն հնարավորություն է ունենում ինքնուրույն զննելու առարկաների վնասվածքները, նախկինում արված երանգավորումներն ու հետագա միջամտությունները:
Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա հունիսի 15-ին՝ ժամը 12։00-ին։
Ցուցահանդեսը կգործի երեքշաբթիից կիրակի՝ ժամը 11։00-17։00-ն։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան