Բայդենն ու Պուտինը` ժնեւյան գագաթաժողովից առաջ
Այս շաբաթվա ամենագլխավոր իրադարձություններից մեկը ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահների միջև անցկացվելիք գագաթաժողովն է: Ժնևյան բանակցությունները տեղի են ունենալու երկու երկրների միջև հարաբերությունների ամենացածր մակարդակի պայմաններում: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նույնիսկ հայտարարել է, որ եթե Ռուսաստանն ընտրի ագրեսիվ քաղաքականությունը շարունակելու եղանակը, Ամերիկան կտա հուժկու պատասխան:
Բայդենը վեր է հանելու ԱՄՆ-ի դեմ վերջին կիբերհարձակումների հարցը, և հորդորելու է Պուտինին ԱՄՆ-ին փոխանցել սննդամթերքի և բենզինի մատակարարման ցանցերի դեմ հաքերային գործողություններ իրականացրած անձանց:
Պուտինն ասել է, թե Մոսկվան համաձայն է դա անել, սակայն` պայմանով, որ Վաշինգոտնն էլ իր կողմից կատարի նման քայլ:
Ամերիկացիների կեսը, ըստ հարցումների, վստահ է, որ Բայդենն ունի Պուտինի հետ բանակցելու բավարար հիմքեր: Սակայն մի շարք օրենսդիրներ գտնում են, որ Բայդենն ընդհանրապես չպետք է մտածեր հանդիպում սկսելու մասին:
«Նախագահը պիտի կարողանա ցույց տալ Պուտինին, որ կլինեն համարժեք հետևանքներ, եթե վերջինս շարունակի նման գործողությունները»,- ասել է հանրապետական կոնգրեսական Մայք ՄաքՔոլը:
Երկու ղեկավարները խոսելու են նաև այլ հարցերի մասին, որոնց թվում են տարածաշրջանային անվտանգությունը, միջուկային զենքերը և շրջակա միջավայրի պահպանությունը:
Հիշեցնենք, որ հանդիպումը կայանալու է վաղը՝ հունիսի 16-ին, Ժնևում։