Կարճաժամկետ հատվածում 12-ամսյա գնաճը կպահպանվի բարձր մակարդակում. Մարտին Գալստյան
«2021թ. հունիսի 15-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 6.5%»,- հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
Նրա խոսքով՝ 2021թ. մայիսին արձանագրվել է 0.4% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.1% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը նվազել է և կազմել 5.9%, իսկ 12-ամսյա բնականոն գնաճը շարունակել է արագանալ՝ մայիսի վերջին կազմելով 7.4%։
Մարտին Գալստյանը հայտնեց, որ 2021 թվականի երկրորդ եռամսյակում, պայմանավորված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի կիրառման դրական ազդեցություններով և զգալի խթանող քաղաքականությունների իրականացմամբ՝ ՀՀ հիմնական գործընկեր երկրներում արձանագրվում են տնտեսական ակտիվության և համախառն պահանջարկի՝ սպասվածից ավելի արագ վերականգնման միտումներ:
Ըստ Գալստյանի ներկայացման՝ համաշխարհային պահանջարկի արագ աճի և մի շարք ապրանքային շուկաներում առաջարկի սահմանափակ հնարավորությունների հետևանքով հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում պահպանվում է բարձր գնաճային միջավայր:
Նա հայտնեց, որ առաջարկի և պահանջարկի գործոններով պայմանավորված՝ գործընկեր երկրներում կանխատեսվում են նախկին գնահատականների համեմատ ավելի բարձր գնաճի մակարդակներ և իրավիճակում ԿԲ Խորհուրդը արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալում է էական գնաճային ազդեցություն:
«2021թ-ի ընթացիկ զարգացումները նախանշում են ՀՀ տնտեսական աճի սպասվածից ավելի արագ վերականգնման միտումների մասին՝ հիմնականում պայմանավորված արդյունաբերության և ծառայությունների ճյուղերի ավելի դրական զարգացումներով»,- հայտարարեց ԿԲ նախագահը և հավաստիացրեց, որ համախառն պահանջարկը ևս վերականգնվում է կանխատեսվածից ավելի արագ տեմպերով, որին հիմնականում նպաստում են համաշխարհային պահանջարկի արագ աճը, արտերկրից դրամական փոխանցումների ավելացումը և մասնավոր սպառման աճի բարձր տեմպը, մինչդեռ մասնավոր ներդրումային ակտիվությունը շարունակում է մնալ թույլ:
ՀՀ գլխավոր դրամատան ղեկավարը հայտնեց, որ հաշվի առնելով արտաքին հատվածից և ՀՀ տնտեսությունից սպասվող գնաճային ազդեցությունները՝ ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է համարել բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը և ներքին պահանջարկի ավելացմանը զուգահեռ գնաճային սպասումների արագացման ռիսկերի չեզոքացման նպատակով դիտարկում է առաջիկայում դրամավարկային պայմանների հնարավոր խստացման անհրաժեշտությունը։
«Նման պայմաններում կանխատեսվում է, որ կարճաժամկետ հատվածում 12-ամսյա գնաճը կպահպանվի բարձր մակարդակում, այնուհետև աստիճանաբար կնվազի և կանխատեսվող հորիզոնում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ»,- հայտնեց Մարտին Գալստյանը և հավելեց, որ ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ դեռևս պահպանվող անորոշությունների ներքո կանխատեսված միջնաժամկետ ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հավասարակշռված են և դրանց դրսևորման պարագայում պատրաստ է համարժեքորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունության նպատակի իրագործումը:
Հարակից հրապարակումներ`
- Տնտեսական անկման նախնական 7.6 %-ը վերանայվել և հասցվել է 7.4%-ի. Մարտին Գալստյան
- 2020թ. հարկային եկամուտները նախորդ տարվա համեմատ նվազել են շուրջ 5.4 %-ով. Մարտին Գալստյան
- Պարտք-ՀՆԱ հարաբերակցությունն այս տարվա վերջում կազմելու է մոտավորապես 70%. Մարտին Գալստյան
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան