Բաքուն «խորհուրդ» է տալիս Հայաստանի ԱԳՆ-ին՝ զբաղվել իր երկրի գործերով
Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահներ Էրդողանի ու Ալիևի՝ Շուշի այցը դատապարտող ՀՀ ԱԳՆ հայտարարության վերաբերյալ, ասելով, թե «հարևան երկրների ղեկավարների այցերը մեկնաբանելը Հայաստանի արտգործնախարարության իրավասության մեջ չէ»։ Այս մասին գրում է Սպուտնիկ Ադրբեջանը։
«Հաշվի առնելով այն փաստը, որ ներկայումս Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում ղեկավարություն չկա, մենք կցանկանայինք տեղեկացնել նրանց, ովքեր մնացել են այս կառույցում և նրանց, ովքեր պատրաստել են այս հայտարարությունը, որ երկիրը չի կարող գրավել իր տարածքները, բայց կարող է միայն դրանք ազատել օկուպացիայից», - ասել է Ադրբեջանի ԱԳն խոսնակ Լեյլա Աբդուլլաևան, հավելելով, որ 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանն «ազատագրել է իր հողերը օկուպացիայից և վերականգնել երկրի տարածքային ամբողջականությունը»:
Ադրբեջանի ԱԳՆ-ն «խորհուրդ է» տալիս, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ուշադիր ծանոթանա երեք երկրների ղեկավարների, այդ թվում՝ իրենց երկրի ստորագրած համատեղ հայտարարություններին՝ այդ հայտարարությունները կատարելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար:
«Հայաստանն իր քայլերում պետք է ապավինի իրական իրավիճակին, և ոչ թե պատրանքների. Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների կողմից Շուշիում ստորագրված համատեղ հռչակագրի նպատակն է խթանել խաղաղությունն ու անվտանգությունը և համագործակցության նոր հնարավորությունները», - ասել է Աբդուլլաևան:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարությամբ խստորեն դատապարտել է հունիսի 15-ին Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների համատեղ այցելությունն Արցախի՝ ներկայումս ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող հայկական պատմական և մշակութային կենտրոն Շուշի քաղաք՝ այցելությունը համարելով տարածաշրջանային խաղաղության և անվտանգության դեմ ուղղված ակնհայտ սադրանք։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա