ԵՄ-ԱՄՆ գագաթնաժողովի հայտարարություն․ Մենք վճռական ենք աշխատել Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության ուղղությամբ
Բրյուսելում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մասնակցությամբ անցկացված ԵՄ-ԱՄՆ գագաթնաժողովից հետո կողմերն ընդունել են հայտարարություն, որում կողմերն ընդգծում են իրենց վճռականությունը՝ աշխատել Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության, կայունության ուղղությամբ:
«Մենք միավորված ենք Ռուսաստանի նկատմամբ մեր սկզբունքային մոտեցման հարցում և պատրաստ ենք վճռականորեն արձագանքել նրա բացասական վարքի և վնասակար գործողությունների կրկնվող օրինակին, որոնք Ռուսաստանը պետք է լուծի՝ հարաբերությունների հետագա վատթարացումը կանխելու համար, ներառյալ այսպես կոչված անբարյացակամ պետությունների ցուցակի հետ: Մեր քաղաքականությունն ու գործողությունները համակարգելու համար նախատեսում ենք հաստատել ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակի երկխոսություն Ռուսաստանի վերաբերյալ:
Մենք դատապարտում ենք Ռուսաստանի շարունակական գործողությունները՝ խաթարելու Ուկրաինայի և Վրաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և անկախությունը: Մենք Ռուսաստանին կոչ ենք անում ապահովել, որ Ռուսաստանում օտարերկրյա դիվանագիտական առաքելությունները կարողանան գործել անվտանգ և արդյունավետ կերպով:
Մենք հորդորում ենք Ռուսաստանին դադարեցնել քաղաքացիական հասարակության, ընդդիմության և անկախ լրատվամիջոցների նկատմամբ իր շարունակական ճնշումը և ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին: Միևնույն ժամանակ, մենք բաց ենք պահում կապի ուղիները և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ընտրովի համագործակցության հնարավորություններ:
Մենք վճռական ենք տրամադրված՝ շարունակելու պաշտպանել ԵՄ արևելյան գործընկերների ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը և կաջակցենք Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի Հանրապետության բարեփոխումների ուղուն:
Մենք վճռական ենք աշխատել Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության և կայունության ուղղությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։
Կողմերն անդրադարձ են կատարել նաև Բելառուսին, ասելով, որ կանգնած են Բելառուսի ժողովրդի՝ մարդու իրավունքների և ժողովրդավարության նկատմամբ նրանց պահանջների կողքին ու պատրաստ են Լուկաշենկոյի ռեժիմին պատասխանատվության առաջ կանգնեցնել` մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների դեմ սրվող հարձակումների համար և կեղծ պատրվակներով ԵՄ ինքնաթիռի աննախադեպ և անընդունելի հարկադիր շեղման միջոցով ավիացիոն անվտանգությունը վտանգելու և հետագայում լրագրողի ձերբակալման մասով։