Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտն անվանակոչվել է Միքայել Տեր-Միքայելյանի անվամբ
ԳԱԱ նախագահությունն այսօր որոշում է ընդունել ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտն անվանակոչել Հայաստանում լազերային ֆիզիկայի ուղղության հիմնադիր, ինստիտուտի առաջին տնօրեն, ակադեմիկոս Միքայել Տեր-Միքայելյանի անվամբ:
ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայության փոխանցմամբ, ականավոր գիտնական Միքայել Տեր-Միքայելյանը մեծ ավանդ է ունեցել Հայաստանում լազերային ֆիզիկայի զարգացման և ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի ստեղծման և կայացման գործում:
1960-ականների սկզբին Միքայել Տեր-Միքայելյանն իր գիտելիքներն ու կազմակերպչական ունակություններն ուղղել է Հայաստանում լազերային ֆիզիկայի զարգացմանը։ Կարճ ժամանակում նրան հաջողվել է ստեղծել Գիտությունների ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի միացյալ ճառագայթային լաբորատորիա, որի հիման վրա 1967թ. ստեղծվել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը (ՖՀԻ):
Միքայել Տեր-Միքայելյանը դարձել է ինստիտուտի տնօրեն և աշխատել այդ պաշտոնում մինչև 1994թ-ը, որից հետո մինչև կյանքի վերջ՝ 2004թ-ը, եղել է ինստիտուտի պատվավոր տնօրենը: Նրա գլխավորությամբ ՖՀԻ-ում իրականացվել են աշխատանքներ՝ ներառելով լազերային ֆիզիկայի տեսական և փորձարարական սկզբունքները, պինդմարմնային լազերային նյութագիտությունը, լազերային ճառագայթման ոչ գծային փոխազդեցությունը նյութի հետ, օպտիկական կապը։ Այդ աշխատանքները լայն ճանաչում են ստացել և ըստ արժանվույն գնահատվել միջազգային գիտական հանրության կողմից։
Միքայել Տեր-Միքայելյանի ջանքերով ՖՀԻ-ում ձեռնարկվել և ղեկավարվել են աշխատանքներ բարձրջերմաստիճանային գերհաղորդականության, քվանտային ինֆորմացիայի և աշխարհում նոր ձևավորվող ուղղություններով։
Միքայել Տեր-Միքայելյանի ակտիվ մասնակցությամբ արդյունաբերական լազերների ստեղծման աշխատանքներին են ներգրավվել Հայաստանի մի շարք ձեռնարկություններ՝ Կիրովականի քիմիական կոմբինատը, Արզնիի Ճշգրիտ տեխնիկական քարերի գործարանը, Երևանի էլեկտրալամպերի գործարանը: Գիտական հետազոտությունների և տեխնոլոգիական նպատակներով կիրառվող լազերների մշակման, արդյունաբերական յուրացման աշխատանքների շարքի համար ակադեմիկոս Տեր-Միքայելյանը, ի թիվս Արզնիի «Բյուրեղ» ԳԱՄ-ի, Ռադիոօպտիկայի համամիութենական ԳՀԻ-ի և ՀԽՍՀ ԳԱ ՖՀԻ-ի մի խումբ աշխատակիցների, 1980-ին արժանացել է ՀԽՍՀ Պետական մրցանակի:
Միքայել Տեր-Միքայելյանը Հայաստանում ստեղծել է լազերային ֆիզիկայի համաշխարհային ճանաչում ստացած գիտական դպրոց: Այսօր այդ դպրոցի ներկայացուցիչները հաջողությամբ աշխատում են Հայաստանի ու արտերկրի այլ առաջատար կենտրոններում։
Ակադեմիկոս Տեր-Միքայելյանը լայն ճանաչում ստացած բազմաթիվ գիտական մենագրությունների, ակնարկների և հոդվածների հեղինակ է։
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա