Կառավարման համակարգում ներգրավելու ենք մարդկանց, որոնք կարևորում են իրենց հեղինակությունը. Ռոբերտ Քոչարյան
«Մի իշխանություն է փորձում վերընտրվելու, որն իր խոստումներից ոչ մեկը չի կատարել, որն իր կադրային ռեսուրսներով գրեթե զրոյական կետի վրա է գտնվում»,- արթիկցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը և հավելեց, որ 2018 թվականին բոլորով իշխանության են բերել մի ուժի, որն արժեզրկել է պետական ողջ համակարգը:
Նա նշեց, որ իշխանությանը կարելի է վստահել, կամ չվստահել, բայց երբ դադարում են նրան հարգել որպես իշխանություն, ապա այն աղետի է բերում, ինչը նշանակում է՝ այդ կառավարությունը ոչ մի ծրագիր չի կարողանալու իրականացնել:
«Հայաստանն այն երկիրն է, որը մշտապես ունեցել է անվտանգության չափազանց լրջագույն սպառնալիքներ և այդ երկում 3 տարում փոխվում է ԱԱԾ 5 ղեկավար, ԳՇ 4 պետ, վերջինս այն դեպքում, երբ չհայտարարված պատերազմի մեջ է գտնվում: Տնտեսական ճգնաժամ ապրող երկրում 3 էկոնոմիկայի նախարար է փոխվել, սա դիվերսիա է՞, թե՝ հիմարություն, պետք է դուք որոշեք»,- հանդիպման մասնակիցներին դիմեց ՀՀ երկրորդ նախագահը և հավելեց, որ ներկա իշխանությունը չի հասկանում, թե ինչ է նշանակում իշխանական համակարգում կայունությունը:
«Հայաստան» դաշինքի առաջնորդը նշեց, որ այսօր երկրում արտաքին գործերի նախարարություն չկա, որպեսզի այդ կարևորագույն ոլորտում աշխատանք տանի և այդ ամբողջ համակարգի գլխին կանգնած է մարդ, որն ինքն իրեն չի կարողանում կառավարել, բայց համարում է՝ երկիրը կարող է կառավարել:
Հայտարարելով, որ հաղթելու են ընտրություններում, քանի որ մրցակիցներից առավել են փորձով և գիտելիքներով՝ ՀՀ երկրորդ նախագահը հայտարարեց.«Մենք երբեք իրավաբանին չենք դնի առողջապահության ոլորտը ղեկավարելու համար, կամ պատմաբանին չենք դնելու ջրային տնտեսություն ղեկավարելու, մենք հենվելու ենք մասնագիտական գիտելիքների վրա և նշանակելու ենք մարդկանց, որոնք իրենց տեսակով ի վիճակի են ուրիշներին կառավարել»:
Ռոբերտ Քոչարյանը հավաստիացրեց, որ կառավարման համակարգում ներգրավելու են մարդկանց, որոնք կարևորում են իրենց հեղինակությունը և չեն դասվի այն մարդկանց թվին, որոնց պաշտոնը թողնելուց հետո նույնիսկ հարևանները չեն բարևում:
«Գործող իշխանական թիմին եթե հիմա մեկ-երկու հոգի բարևում է, ապա պաշտոնից դուրս գալուց հետո այդ երկուսն էլ չեն բարևի»,- ասաց ՀՀ երկորդ նախագահը:
Հայտարարելով, որ իր թիմով նպատակադրված են ազգային պետություն կառուցել, տնտեսությունն արագ վերականգնել և անվտանգության հարցեր լուծել, որի համար ինքն ունի այդ փորձը՝ Ռոբերտ Քոչարյանը դիմեց ներկաներին՝ խնդրելով իր խոսքը հասցնել այն քաղաքացիներին, որոնք դեռ չեն կողմնորոշվել, թե ում են իրենց ձայնը տալու:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի կոկորդում մնացած հարցը. Վահե Հովհաննիսյան
- Մեր համարը 24-ն է, ինչը նշանակում է՝ աշխատել 24 ժամ․ Ռոբերտ Քոչարյան
- Երբ իշխանությունն ունի ինքահաստատման կոմպլեքս, այլևս իշխանություն չէ․ Ռոբերտ Քոչարյան
- Մենք ունենք անպատասխանատու իշխանություն, որն ընդունակ չէ երկու քայլ հեռու նայել. Ռոբերտ Քոչարյան
- ԼՂ-ում ռուս խաղաղապահների մանդատը պետք է լինի անժամկետ. Ռոբերտ Քոչարյան
- Ռոբերտ Քոչարյան. Տևական խաղաղության համար պետք է ընդունվի այնպիսի որոշում, որը չպետք է լինի խիստ անարդար
- Այս իշխանությունները խոստացել էին կոռուպցիայի դեմ պայքար, բայց այսօր թաթախվել են կոռուպցիայի մեջ. Ռոբերտ Քոչարյան
- Այդ մուրճը մենք օգտագործելու ենք շինարարության, երկիրը կառուցելու համար. Ռոբերտ Քոչարյան
- Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին
- Վարդևանյան. Լոռիում Փաշինյանին ուղեկցել է ոստիկանական 10 ավտոբուս