Շարմազանով. Այս ընտրությունները նոր Ավարայր են
«Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի անկախության, ինքնիշխանության, ազգային արժեքների, իսկ մյուս կողմից ազգային անպատվության ու թուրքական վիլայեթ դառնալու միջև։ Սա շատ հստակ ընտրություն է»,-նախընտրական քարոզարշավի նախավերջին օրը ԶԼՄ ներկայացուցիների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը։
Նա նկատեց, միգուցե քաղաքացիներից շատերը չեն գիտակցում, որ սա ճակատագրական ընտրություն է։
«Հունիսի 20-ը ճակատագրական է լինելու մեզանից յուրաքաչյուրի համար։ Մենք պետք է այդ օրը շատ հստակ արձանագրենք, որ մեր երկրում չենք հանդուրժում Ալիևի և Էրդողանի կամակատարին, որ մենք չենք հանդուրժում կապիտուլյացիան։ Արդեն ամոթ է։ Պատերազմի ավարտից յոթ ամիս անց այս կապիտուլյանտ հողատուն մասնակցում է քարոզարշավին և նույնիսկ միտիգներ է հրավիրում»,-ասաց նա։
«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչն ընդգծեց, 30 տարվա մեջ առաջին անգամ իրականացվում է քարոզարշավ Շուշիի, Հադրութի, մեր հայրենիքի 75 տոկոսի, Շուռնուխի, Սև լճի, Գեղարքունիքի օկուպացված լինելու պայմաններում։
«Ես ուզում եմ, որ բոլորդ գիտակցենք, որ սա լոկ քաղաքական գործընթաց չէ, սա նոր Ավարայր է։ Ես պատմաբան եմ և հասկանում եմ, ինչ եմ ասում։ Ես միշտ դեմ եմ եղել բաժանարար գծերին, բայց ինչպես Նժդեհն էր ասում, թուրքից ավելի վտանգավոր է ներքին թուրքը։ Մինչ Ալիևն ու Էրդողանը Շուշիում պանթյուրքիզմի նոր համաձայնագիր են ստորագրում, այս կապիտուլյանտը շարունակում է քարոզարշավը»,-ասաց նա։
Պատմաբան քաղաքական գործիչը հիշեցրեց, որ Հայաստանը դադարեցրել է իր անկախությունն ու ինքնիշխանությունը, երբ ներքին տրոյական ձին պետության դարպասները բացել է ներսից։
«Այդպես եղել է Արտաշիսյանների ժամանակ, երբ Էրատոն հրաժարվեց գահից, այդպես եղավ Արշակունիների ժամանակ, երբ չլսելով Վեհափառ Սահակ Պարթևի հորդորը, ներքին իշխանիկները պարթևներին տուրք տվեցին ու կործանեցին հայոց անկախությունը, այդպես եղավ 1045 թվականին, երբ Անիի բանալիները տվեցին թշնամուն»,-պատմության այս ու այլ դեպքեր թվարկեց Շարմազանովը՝ հասնելով մինչ Կարսի հանձնման ժամանակներ։
Նա պնդեց՝ այսօր էլ բանալիները հանձնվել են թշնամուն։
«Այդ կապիտուլյացիան, պարտությունը, ազգային նվաստացումն ունի անուն-ազգանուն, այն է Նիկոլ Փաշինյան։ Ազգային նվաստացման անուն ազգանունն է Նիկոլ Փաշինյան։ Ալիևի առջև կզելու անուն ազգանունն է Նիկոլ Փաշինյան»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- «Պատիվ ունեմ» դաշինքը Կոտայքի մարզում է
- Կրեատիվ կլինի ամփոփման շրջանը. «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան