44-օրյա պատերազմի հերոսներին նվիրված միջոցառում՝ Տնտեսագիտականում
Հայաստանի պետական տնտեսագիտականհամալսարանում երեկ բեմադրվել է թատերագիր Անահիտ Աղասարյանի և դերասանուհի-բեմադրիչ Տաթևիկ Ղափլանյանի «Իմ անուշ տղա» պիեսը՝ նվիրված 44-օրյա պատերազմի հերոսներին։ ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ 44-օրյա պատերազմում ՀՊՏՀ-ն կորցրել է իր 28 ուսանողներին:
ՀՊՏՀ ռեկտորի խորհրդական, դոցենտ Լիլիթ Դադայանի նախաձեռնությամբ և ջանքերով, դերակատարներ Անահիտ Հակոբյանի, Մարջան Գուլինյանի, Ինեսա Մարդոյանի, Արամ Պետրոսյանի, Ժորա Ստեփանյանի, Գագիկ Վարդանյանի, Հարություն Սուքոյանի, Վրեժ Սահակյանի և Վահրամ Ոսկանյանի խաղով կյանք առած ներկայացումը խոնարհումն ու հարգանքն էր՝ ի հիշատակ մեր հերոսների:
Անդրադառնալով բեմադրության մտահղացմանն ու իրագործմանը՝ Լիլիթ Դադայանը նշել է. «Տարիներ առաջ եմ դիտել Տաթևիկ Ղափլանյանի բեմադրած «Իմ անուշ տղա»-ն՝ նվիրված նրա որդու հիշատակին: Հուզիչ էր, ազդեցիկ, լուսավոր և մինչև հոգու խորքը ցնցող: 44-օրյա պատերազմում ՀՊՏՀ-ն կորցրեց իր 28 ուսանողներին: Տղաների հիշատակին նվիրված միջոցառումների շարքում առաջին մտահղացումս այդ ներկայացումը կյանքի կոչելն էր: Բեմադրությունը որդուն կորցրած մոր տառապանքների, հերոսացումի ու լավատեսության մասին է: Հույս ունեմ՝ պատերազմի արհավիրքով անցած մեր որդեկորույս մայրերի հոգիներում այն ապրելու ցանկություն կառաջացնի»:
Ներկայացումն ավարտվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների լուսանկարների ցուցադրումով և նրանց հերոսացման արժևորմամբ: ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը շնորհակալություն է հայտնել դերակատար ուսանողներին, Լիլիթ Դադայանին, ներկայացմանը ներկա՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանին՝ նշելով, որ դերակատարներից մեկը այդ ինստիտուտի ուսանող է, թատերագիր Անահիտ Աղասարյանին: