Թաթոյանը Փաշինյանին ուղղված նամակով բարձրացրել է ՄԻԵԴ հրատապ գանգատ ներկայացնելու անհրաժեշտությունը
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատարին ուղղված գրավոր նամակով է բարձրացրել Եվրոպական դատարան միջպետական հրատապ գանգատ ներկայացնելու հարցը` կապված Ադրբեջանի զինված ուժերին ՀՀ գյուղերի հարևանությունից և համայնքների միջև ճանապարհներից անհապաղ հեռացնելու և անվտանգության գոտի ստեղծելու հետ:
«Նամակում նշել եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանը Կառավարությանը կտրամադրի հավաքագրված ապացույցները, որոնք հաստատում են Եվրոպական կոնվենցիայի խախտումները և հիմնավորում անվտանգության գոտու հրատապ անհրաժեշտությունը:
Մասնավորապես, արդեն նախորդ մի քանի հայտարարությամբ նշել եմ, որ ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը ՀՀ Գեղարքունիքի և Սյունիքի գյուղերի հարևանությամբ և Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին, նրանց արարքները խախտում են ՀՀ բնակիչների Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված առնվազն հետևյալ իրավունքները.
1) կյանքի իրավունք, Կոնվենցիայի 2-րդ հոդված,
2) ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Կոնվենցիայի 5-րդ հոդված,
3) մասնավոր և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք, Կոնվենցիայի 8-րդ հոդված,
4) սեփականության իրավունք, 1-ին արձանագրության 1-ին հոդված,
5) տեղաշարժի ազատություն, 4-րդ արձանագրության 2-րդ հոդված և այլն:
Նույնը վերաբերում է նաև ադրբեջանական դրոշներին ու ցուցանակներին, նրանց զինված ուժերի ցանկացած տեխնիկայի»,-ասված է ՄԻՊ հրապարակած հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցիները գողացել են Վերին Շորժայի արոտավայրից կով և նոր ծնված հորթ, կրակել հովիվների ուղղությամբ. ՄԻՊ
- ՄԻՊ. Ադրբեջանցիները գողացել և մինչ օրս չեն վերադարձրել Կութ գյուղի հինգ ընտանիքի 80-ից ավելի եղջերավոր կենդանիները
- ՄԻՊ. Պետականությունը պետք է պահել սրբության պես
- ՄԻՊ. Ադրբեջանական զինծառայողները բաց դեմքերով են իրականացնում դաժանություններ
- ՄԻՊ. Ադրբեջանական զինվորականների արարքն ունի մարդկանց ահաբեկելու նպատակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան