Ադրբեջանցիները գողացել են Վերին Շորժայի արոտավայրից կով և նոր ծնված հորթ, կրակել հովիվների ուղղությամբ. ՄԻՊ
Հունիսի 16-ին առավոտյան ժամը 05:30-ի սահմաններում ադրբեջանական 9 զինծառայող գողացել է Վերին Շորժայի արոտավայրի հովվի կովը և նոր ծնված հորթը: Այդ մասին հայտնում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Մասնավորապես, հունիսի 16-ին ստացած ահազանգերի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարզել է, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի բնակիչ, Վերին Շորժա գյուղի արոտավայրի սարատեղիի հովիվը առավոտյան` ժամը 05։30-ի սահմաններում արթնացել է ադրբեջանական կրակոցից:
Արթնանալուն պես պարզել է, որ ադրբեջանական զինծառայողները կրակում են իր խոշոր եղջերավոր կենդանիների ուղղությամբ, որոնք այդ պահին գտնվել են բաց տարածքում` իր բնակության վայրի անմիջական հարևանությամբ:
Արագ գնացել է դեպի կենդանիները և պարզել է, որ 1 կովը և նոր ծնված հորթը չկան: Քիչ անց նկատել է, որ ադրբեջանական թվով 9 զինված ծառայող կովին և հորթին քշում է դեպի իրենց դիրքեր։ Մյուս հովիվների հետ միասին փորձել են հետ բերել կենդանիներին, որոնք այդ պահին սկսել են վազել դեպի հովիվների կողմը:
Սակայն ադրբեջանական զինծառայողները սկսել են կրակել կենդանիների ուղղությամբ և վնասելով կովի ոտքը` թույլ չեն տվել, որ հասնեն հովիվներին: Կրակոցներ են արձակվել նաև հովիվների ուղղությամբ:
Այնուհետև, հովիվները դիտարկել են, թե ինչպես են արդեն գողությունից 4 ժամ անց` ժամը 09:30-ի սահմաններում ադրբեջանական զինծառայողներն իրենց դիրքերում մորթում կովին:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ այս գողությունը տեղի է ունեցել ՀՀ ինքնիշխան տարածքում, ու ադրբեջանական զինծառակողներն իջել են այն դիրքերից, որոնք ապօրինի տեղակայված են ՀՀ ինքիշխան տարածքում:
Դեպքի նշված բոլոր հանգամանքները Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հաստատել են մյուս բոլոր հովիվները, դրանք ստուգվել են:
Այս արոտավայրերում սեզոնային՝ գարնան, ամռան և աշնան ամիսներին բնակվում են մի քանի տասնյակ քաղաքացիական բնակիչներ և արոտավայրում արածեցնում իրենց մանր ու խոշոր եղջերավոր կենդանիներին (այս վայրերն ընդունված է անվանել սարատեղիներ): Այստեղ մարդիկ բնակվում են նաև ընտանիքներով, իսկ արոտավայրերում կենդանիներ արածեցնելու նրանց իրավունքը հաստատված է օրինական փաստաթղթերով` համայնքի հետ կնքված պայմանագրերով:
Այսինքն` ադրբեջանական զինծառայողները կատարում են բացահայտ հանցավոր արարքներ` ՀՀ քաղաքացիական բնակիչներին կյանքի և այլ կենսական իրավունքներից, անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելու դիտավորությամբ:
Ընդ որում, նրանք այդպես էլ չեն վերադարձրել ՀՀ քաղաքացիներից վերջերս գողացած կենդանիները (Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա, Սյունիքի մարզի Արավուս, Խնածախ գյուղեր և այլն):
Հանցագործության այս դեպքը ևս մեկ անգամ հաստատում է, որ ՀՀ բնակչության իրավունքների պաշտպանությունը ադրբեջանական զինված ուժերի հանցավոր արարքներից բացարձակ հրատապությամբ պահանջում է անվտանգության գոտու առկայություն:
Հարակից հրապարակումներ`
- Սյունիքի մի շարք ճանապարհներին ադրբեջանցիներ են, ավելին` նրանք զենքի բացահայտ ցուցադրումով են. ՄԻՊ
- Ադրբեջանցիները կրակել են Վերին Շորժա և Կութ գյուղերի հարևանությամբ. ՄԻՊ
- ՄԻՊ. Ադրբեջանցիները գողացել և մինչ օրս չեն վերադարձրել Կութ գյուղի հինգ ընտանիքի 80-ից ավելի եղջերավոր կենդանիները
- ՄԻՊ-ը խումբ է գործուղել Սյունիք
- ՄԻՊ. Ընտրությունները պետք է ծառայեն հասարակությունում համերաշխության վերականգնմանը
- Վերին Շորժայում ադրբեջանցիները փորձել են գողանալ հովվի 20 ձիերը, հայ զինծառայողները կրակել են. ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան