Աննա Գրիգորյան. Հունիսի 20-ին ջնջվելու են բոլոր բաժանարար գծերը, պետությունը մեկն է բոլորիս համար
«Այսօր հրապարակում կանգնած են այն մարդիկ, ովքեր Հայաստանին ուզում են վերադարձնել հաղթանակները, հային՝ հաղթողի հոգեբանությունը, Հայաստանի քաղաքացուն՝ արժնապատվությունն ու արդարությունը»,- Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Աննա Գրիգորյանը։
Նա նշեց, հրապարակում կանգնած են մարդիկ, ովքեր իրենց հետ միասին պատրաստ են կառուցել ուժեղ Հայաստան։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բազմաթիվ հայրենակիցներին, որոնք համայնքային հանդիպումներին գալիս էին, իրենց խնդիրներն էին բարձրացնում, լսում էին մեզ։ Թեև այսօր նրանք մեզ հետևում են Սյունիքից, Տավուշից, Հայաստանի մյուս մարզերից, ես զգում եմ, գիտեմ, որ նրանց սիրտը բաբախում է մեզ հետ, այստեղ, հիմա այս հրապարակում»,- ասաց ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Նա ընդգծեց՝ քարոզարշավի ողջ ընթացքում «Հայաստան» դաշինքը խոսել է ուժեղ պետություն կառուցելու իր տեսլականի և ծրագրերի մասին։
«Թույլ տվեք ևս մեկ անգամ ընդգծել, որ «Հայաստան» դաշինքը գալիս է՝ բերելու սահմանային անվտանգություն, արժանապատիվ խաղաղություն, կայունություն, տնտեսական զարգացում և ներքին համերաշխություն։ Գալիս ենք, որպեսզի թշնամին չմտնի մեր տուն, երբ ցանկանա, գալիս ենք, որպեսզի մեր զինվորը կարողանա ցույց տալ իր բազկի ուժը, գալիս ենք, որ մեր երեխաները դպրոցում ստանան որակյալ, ժամանակակից և ազգային արժեքների վրա խարսխված կրթություն։ Գալիս ենք, որպեսզի հայը, աշխարհի որ անկյունում էլ լինի, գլխիկոր չքայլի, ինչպես այսօր, այլ նորից դառնա հաղթանակներ կերտած ժողովրդի զավակ»,- ասաց նա իր ելույթում։
Գրիգորյանը նշեց, որ երեք տարի շարունակ հայ ժողովրդի մեջ թշնամանք է սերմանվել, բաժանարար գծեր են անցկացվել՝ այդպիսով կոտրելով թշնամու դեմ պայքարի դիմադրողականությունը։
«Չկան նախկիններ ու ներկաներ, չկան սպիտակներ ու սևեր, չկան հներ ու նորեր, կան մարդիկ, ովքեր պատրաստ են և կարող են ոտքի կանգնեցնել մեր երկիրը, ուղղել մեր ողնաշարը։ Եվ հունիսի 20-ին ջնջվելու են բոլոր բաժանարար գծերը, որովհետև պետությունը մեկն է բոլորիս համար, պատմությունը, որը գրվում է այսօր, պատկանում է մեզ բոլորիս, և հայրենիքը, որի համար իրենց կյանքն են տվել մեր հայորդիները, հայինն է առանց խտրականության ու քաղաքական հայացքների»,- ընդգծեց նա՝ ավելացնելով, որ հունիսի 20-ից հետո լինելու է ազգային վերելք, մեկտեղելու են բոլոր ուժերն ու կառուցելու են համերաշխության և ուժեղ Հայաստան։
Հարակից հրապարակումներ`
- Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Արմեն Չարչյանին. Գեղամ Մանուկյան
- Պրոֆեսոր Արմեն Չարչյանը ձերբակալվել է․ Արամ Վարդևանյան
- Լևոն Քոչարյան. Անելու ենք ամեն ինչ, որ տարիներ անց դուք ձեզ իսկապես հպարտ զգաք
- Ռոբերտ Քոչարյան. Վստահ եմ, որ այլևս չեք խաբվելու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան