Հունիսի 20-ից հետո կառավարության շենքը լինելու է մեղվի փեթակ. Գեղամ Մանուկյան
«Հունիսի 20-ին վռնդելով կառավարության շենքից հայրենադավ այս իշխանությանը վարչապետի աթոռը զբաղեցնողի հետ՝ տեր հորն ենք հրավիրելու, որ աղոթքով այս շենքը մաքրի դավաճանության, ազգային արժեքների ոտնահարման բացիլներից, որ այստեղ աճել է երեք տարի շարունակ»,-Հանրապետության հրապարակում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ամփոփիչ հանրահավաքում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը։
Նա նշեց, որ դրանից հետո ՀՀ կառավարության շենքը լինելու է մեղվի փեթակ, 24 ժամ աշխատող, 24 ժամ լույսերը չեն հանգելու, որ կորցրածը փրկվի, երկիրը ոտքի կանգնի։
«Մեր թիմը՝ պրոֆեսիոնալները, վստահորեն անելու են ամեն ինչ, որպեսզի կարողանանք Արցախին ասենք՝ դուք մենակ չեք, ձեր մեջքին կանգնող կա։
Զինված ուժերը համոզված լինեն, որ ունի քաջ, գիտակ, ռազմաքաղաքական ղեկավարություն, զինվորն իմանա, որ ունի տեր, ամեն մի մարտական հենակետում կանգնածն իմանա, որ այն կահավորված է, մեր քաղաքացին իմանա անվտանգ է ապրում, դրսի թշնամուց, ներսի անօրինականություններից ու քաոսից պաշտպանված, մեր ռազմագերիները հուսառատ լինեն, որ ունեն ուժեղ իշխանություն, ամեն ինչ անելու է օր առաջ մոտեցնելու նրանց ընտանքիների գիրկը գալու օրը, որ առաջիկա ամիսներին բերքը հավաքող գյուղացին իմանա, որ մեջքին պետություն կա։
Այնքան գործ լինի մեր երկրում, որ աշխատողի ձեռքի կարիք լինի, վերադառնա քոչարյանական ժամանակաշրջանը, երբ կար ներկա, երիտասարդներն իմանան, որ ունեն ուժեղ պետություն, այստեղ են ընտանիք կազմելու»,- ասաց Գ. Մանուկյանը։
Նրա խոսքով, «Հայաստան» դաշինքը գալիս է բոլորի ղեկավարը լինելու համար։
«Մենք դեն ենք նետելու սև ու սպիտակը։ Սիրելի հայրենակիցներ, ձեզ խաբում են, որ «Հայաստան» դաշինքը գալիս է՝ ով մեզ հետ չէ մեր դեմ է սկզբունքով։ Սուտ են ասում, մենք մեկ ենք, մեկ ժողովուրդ ենք, մեկ երկիր ենք, մեկ հայրենիք ենք։
Մեր ժողովրդին «Հայաստան» դաշինքը կրթելով, ուսուցանելով, ամեն ինչ անելով դարձնելու է ազգ, որը ստեղծելու է ուժեղ Հայաստան։
Դե ուրեմն՝ թիվ 24-ին՝ «Հայաստան» դաշինքին, որ գնանք դեպի ուժեղ Հայաստան»,- իր ելույթն ամփոփեց Գեղամ Մանուկյանը։
Հարակից հրապարակումներ`
- Աննա Գրիգորյան. Հունիսի 20-ին ջնջվելու են բոլոր բաժանարար գծերը, պետությունը մեկն է բոլորիս համար
- Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Արմեն Չարչյանին. Գեղամ Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան