Իշխան Սաղաթելյան. Մեր յուրաքանչյուր բառի և տառի համար պատասխան ենք տալու և հաշվետու ենք լինելու
««Հայաստան» դաշինքն է այն քաղաքական ուժը և թիմը, որը կարող է այս վիճակից դուրս բերել մեր երկիրը»,- Հանրապետության հրապարակում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ամփոփիչ հանրահավաքում ասաց դաշինքի առաջնորդներից ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ անցնող 12 օրերը «Հայաստան» դաշինքը եղավ բոլոր մարզերում, ներկայացրեց երկրում ստեղծված իրավիճակը, դրանից դուրս գալու ճանապարհներն ու ուղիները, խոսեց ծրագրերի մասին։
Ի.Սաղաթելյանի խոսքով, անցնող օրերին առավելապես անտեսել են հակառակ կողմի զրպարտությունները, վայրահաչոցները, գոռգոռոցները, հիմարությունների վրա ժամանակ չեն ծախսել, խոսել են Հայաստանի զարգացումից, Հայաստանի երաշխավորված ապագայից։
«Այս օրերին մենք ունեինք մի խնդիր՝ Հայաստանի քաղաքացուն բացատրել, որ այս պայքարը միայն մեր պայքարը չէ, յուրաքանչյուր հայի կռիվն է և այսօր փաստեցինք, որ հաջողել ենք»,- ասաց նա՝ նկատի ունենալով մարդկանցով լեցուն Հանրապետության հրապարակը։
««Հայաստան» դաշինքի անունից ձեզ խոստանում ենք՝ այն ծրագրերը, որոնք ներկայացրել էինք, ամսի 20-ից հետո դառնալու է կառավարության ծրագիր իր ժամանակացույցով և իրականություն է դառնալու։ Մենք ձեզ խոստանում ենք, որ մեր յուրաքանչյուր բառի և տառի համար պատասխան ենք տալու և ձեզ հաշվետու ենք լինելու։ Խոստանում ենք, որ ժողովրդի թիկունքում գործարքի չենք գնալու, ձեզ և մեր պետականությունը չենք դավաճանելու։
Հունիսի 20-ին մեր կատարած աշխատանքներն ամփոփելու և մեր հաղթանակն արձանագրելու օրն է»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա դիմեց հանձնաժողովի անդամներին, վստահված անձանց՝ տեղերում լինել խիզախ, վճռական, մինչև վերջ կռիվ տալ ժողովրդի քվեի համար, թույլ չտալ որևէ ընտրախախտում, պահպանել օրենքի տառը, նրանք, ովքեր կփորձեն խախտում անել, տեղում ջարդել նրանց ձեռքերը։
Ի.Սաղաթելյանը դիմեց իր դաշնակցական ընկերներին՝ նրանց, ովքեր 8 ամիս առաջ Արցախում էին, պաշտպանում էին Արցախի հյուսիսային սահմանը. «Դուք այդ գործն արեցիք պատվով, նվիրումով, հիմա մարտական առաջադրանքը փոխվել է՝ պայքարը տեղափոխվել է ընտրատեղամաս, պարտավոր եք, պահաջում եմ մեր մյուս քաղաքացիների հետ թև-թևի տված պայքարել մեր քվեների, ժողովրդի քվեների համար։ Ամսի 20-ին ընտրատեղամասում որոշվելու է Հայաստանի և Արցախի ապագան։
Հանուն Արցախի, հանուն Հայաստանի, հանուն ձեր ընկերների հիշատակի՝ պարտավոր եք մինչև վերջ պայքարել։
Այո, հունիսի 20-ը Սարդարապատ է»։
Նա վստահեցրեց՝ տեր են մեր երկրին, մեր եկեղեցուն, մեր ազգային արժեքներին, Արցախին։
«Դե ուրեմն՝ դեպի ուժեղ Հայաստան»,- ելույթն ամփոփեց Իշխան Սաղաթելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Դաշինքում միավորվել են ազգային գաղափարախոսությունը, կամքը, վճռականությունը և ձեր քվեն. Վահե Հակոբյան
- Ռոբերտ Քոչարյան. Մենք սկսել ենք քարոզարշավը, բայց ավարտում ենք հաղթարշավով
- Հունիսի 20-ից հետո կառավարության շենքը լինելու է մեղվի փեթակ. Գեղամ Մանուկյան
- Աննա Գրիգորյան. Հունիսի 20-ին ջնջվելու են բոլոր բաժանարար գծերը, պետությունը մեկն է բոլորիս համար
- Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Արմեն Չարչյանին. Գեղամ Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան