Դեռ հնարավորություն ունենք կանխել ազգային և պետական աղետը․ Լարիսա Ալավերդյան
Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը հայտարարություն է տարածել առաջիկա խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ,որում ասվում է․
«Հայրենակիցնե՛ր:
Անկախ Հայաստանի Հանրապետությունն իր 30-րդ հոբելյանական տարում հայտնվել է ճակատագրական ընտրության առջև. լինե՞լ, թե՞ չլինել հայկական: Շուրջ 9 ամիս հայությունն ապրում է արտակարգ ռեժիմում՝ այդ ընթացքում ունենալով բազմաթիվ հսկայական ցնցումներ՝ աղետալի պատերազմ, հսկայական մարդկային եւ տարածքային կորուստներ, տասնյակ հազարավոր վտարվածներ սեփական տներից, հարյուրավոր գերիներ և անհետ կորածներ, իրական սպառնալիք կորցնել Արցախը՝ որպես հայկական երկրորդ պետություն, մարդու իրավունքների ու ազատությունների զանգվածային և կոպիտ խախտումներ, կամայական կառավարում իշխանության բոլոր երեք (օրենսդիր, գործադիր եւ դատական) ճյուղերի նկատմամբ, որոնք պարունակում են սահմանադրական կարգի եւ պետական անվտանգության դեմ հանցագործության տարրեր, բռնության պաշտամունք, ամեն օր խորացող պառակտում ժողովրդի շրջանում, և որպես հետևանք՝ Արցախից ու Հայաստանից թրքացման հետ անհամաձայն մարդկանց արտաքսման իրական սպառնալիք եւ ազգային պետության կորուստ:
Հունիսի 20-ի ընտրությունները սկզբունքորեն տարբերվում են նախորդ բոլոր ընտրություններից, քանի որ սա ընտրություն է Հայաստանի՝ ինքնիշխան պետություն մնալու կամ թուրք-ադրբեջանական միության նվաստացված մաս դառնալու միջև: Այսօր, ինչպես երբեք, յուրաքանչյուրիս ընտրությունը ճակատագրական բնույթ ունի, եւ վաղը անմիջականորեն ազդելու է յուրաքանչյուրիս վրա:
Մենք կարող ենք ունենալ տարբեր քաղաքական հայացքներ եւ նախասիրություններ, սակայն ունենք մեկ հայրենիք՝ Հայաստանը: Դիմում եմ բոլորիդ եւ յուրաքանչյուրիդ կոչով, որ անպայման գնաք ընտրություններին եւ վճռական «ոչ» ասեք գործող իշխանություններին, որոնք խթանում են Թուրքիայի եւ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունն ու գործողությունները, «ոչ» ասեք նաև այն ուժերին, որոնք մտադիր են նպաստել երկիրը կործանման տանող իշխանության վերընտրմանը:
Հորդորում եմ ձեզ գիտակցել այս պատմական պահի կարեւորությունն ու եզակիությունը: Մտածեք, թե ինչն է վտանգված եւ թույլ մի տվեք, որ սուտն ու կեղծավորությունը ազդեն ձեր ընտրության վրա: Ձեր ձայնը տվեք նրանց, ում համար առաջնային են հայ ժողովրդի ազգային և պետական շահերը և ովքեր բացառում են ցանկացած համագործակցություն դեռեւս գործող կառավարության հետ:
Սա մեր ընտրությունն է, մենք պարտավոր ենք ոչ միայն այն կատարել, այլև պետք է կատարենք արժանապատվորեն, ինչպես վայել է պատմական երկար ուղի անցած ազգի: Միայն այս դեպքում կվերականգնենք մեզանից խլված արժանապատվությունը, մեր իրավունքն ու ապագա սերունդների իրավունքը՝ ապրել իրենց պատմական հայրենիքում, վերականգնել պետականության զգացողությունն ու ապագայի հույսը:
Այն, ինչ տեղի ունեցավ մեր հայրենիքի հետ վերջին երեք տարիների ընթացքում, համոզիչ վկայությունն է այն բանի, թե ներկայիս իշխանությունները, նրանց աջակիցներն ու տերերը ինչ ապագա են նախապատրաստում Հայաստանի և Արցախի համար: Սակայն մենք դեռ հնարավորություն ունենք կանխել ազգային և պետական աղետը»:
Հարակից հրապարակումներ`
- Կարող են լինել բազմաթիվ հիմքեր ՝ ընտրությունները չեղարկելու համար, եթե լինի ցանկություն․ Լարիսա Ալավերդյան
- Ինձ ամենաքիչն է հետաքրքրում, թե ով՝ ում է ընտրելու, ինձ հետաքրքրում է, թե ով՝ ինչ է ընտրելու. Լարիսա Ալավերդյան
- Փաշինյանն Ալիևի ու Էրդողանի պարտադրանքով չի անում այս ամենը, սա իր հավատամքն է. Լարիսա Ալավերդյան
- Լարիսա Ալավերդյան. Պետք է մարդ անզգա լինի, որ հայտարարի՝ պլյուս, մինուս 50 զոհ
- Լարիսա Ալավերդյանն ու նրա ամուսինը ԱԱԾ են հրավիրվել
- Հյուսիսային Կորեայինց շուտով կգան պրակտիկայի այս նոր իշխանություն իրեն կոչող խունտայի մոտ. Լարիսա Ալավերդյան
- Այս իշխանությունը չի կարող վերադարձնել գերիներին՝ առանց ևս մեկ հանցագործության. Լարիսա Ալավերդյան
- ՄԻՊ-ի ֆինանսավորմանը վերաբերող նախագիծը նախ պետք է անցներ ՍԴ փորձաքննության․ Լարիսա Ալավերդյան
- Թշնամին արդեն զավթել է մեզ ներսից․ Լարիսա Ալավերդյան
- Մեր թշնամու նպատակը մեկն է՝ ամբողջովին ոչնչացնել հայությունը. Լարիսա Ալավերդյան