Քարոզչության ժամանակ կարողացել ենք երիտասարդությանը բերել մեզ մոտ. Լևոն Զուրաբյան
«Մենք մտածում էինք, որ մի իրավիճակում, երբ 100-200 անգամ ավելի մեծ ռեսուրսներով քաղաքական ուժեր էին արդեն գործում դաշտում, արդյո՞ք մենք իրատեսական անելիք ունենք, այդ պատճառով էլ ընտրություններին մասնակցելու որոշումը դժվար և ուշ ընդունվեց»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀԱԿ դաշինքի անդամ Լևոն Զուրաբյանը:
Նա նշեց, որ արդեն պատերազմից հետո տեսնում էին, որ հիմնական քաղաքական խաղացողներն արդեն վաղուց որոշել էին մասնակցել ընտրություններին, ձևավորում էին իրենց թիմերը, ամեն տեղից ճարում էին գումարներ:
Ըստ Զուրաբյանի՝ անգամ նրանք էին ճարում գումարներ, որոնք դրա կարիքը չունեին, բայց քանի որ իրենց փողերը երբեք չէին դնի գործի մեջ, գնում էին տարբեր մայրաքաղաքներից հայ մեծահարուստներից հսկայական գումարներ բերելու:
«Հիմնական մասնակիցների մի կողմն ուներ ադմինիստրատիվ ռեսուրս, լրատվության նոր կառուցված միջոցներ, ընդորում՝ օլիգարխների մի մասը քրեաօլիգարխիկ ռեժիմի սպասարկման կարգավիճակից անցել էին արդեն նոր իշխանավորների սպասարկման կարգավիճակի մեջ»,-նկարագրելով նախընտրական փուլը՝ հայտարարեց ՀԱԿ ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ մյուս թիմն էլ, եթե նրանց կարելի էր համարել քաղաքական թիմ, իր ունեցած միջոցներն արդեն օգտագործում էր:
«Նրանք ունեին ամբողջ Հայաստանով մեկ սփռման լրատվամիջոցներ և ունեին իրենց նվիրված մի ամբողջ պատրաստված քաղաքագետների, սոցիոլոգների թիմ, որոնք տարիների ընթացքում էին ստեղծել, և բոլորին ծառայեցնում էին մի նպատակի համար՝ իրենց քաղաքական դիրքերի ուժեղացմանը»,- ընտրություններին մասնակցող մյուս հիմնական ուժին նկարագրեց Լևոն Զուրաբյանը:
Չնայած իրենց համար նման անբարենպաստ պայմաններին, ըստ ՀԱԿ ներկայացուցչի, իրենց հաջողվել է փայլուն արդյունքներ ապահովել:
«Մենք ունենք անսպասելի աջակիցներ, բազմաթիվ ձայներ են լսվում և հաղորդագրություններ են գալիս այն մարդկանցից, որոնք տեսնել չէին ուզում մեզ, մերժում էին այն ամենը, ինչը մենք ասում էինք, և այսօր այդ ձայները մեր հետ են»,- հավաստիացրեց Զուրաբյանը և որպես երկրորդ կարևոր ձեռքբերում հիշատակեց այն փաստը, որ քարոզչության ժամանակ կարողացել են երիտասարդությանը բերել իրենց մոտ:
Նա հայտնեց, որ ՀԱԿ-ի համար կարևորը ճշմատությունն է, որի շնորհիվ ժամանակին հաղթել են պատերազմներում, բայց և շատ դեպքերում տուժել՝ ժողովրդին այն ասելու պատճառով: