Հայկական պատմամշակութային ժառանգությունը կներկայացվի Չեխիայի տարբեր քաղաքներում
Հայկական պատմամշակութային ժառանգությունը ներկայացվելու է Չեխիայի տարբեր քաղաքներում։ Ծրագիրն իրականացվում է Սլավոնական մշակույթի օրերի ավանդական փառատոնի ընդլայնված ձևաչափի շրջանակներում, որտեղ ներկայացվում են տարեկան 3-4 երկրներ:
Ինչպես հայտնում է Չեխիայում ՀՀ դեսպանությունը, այս տարվա փառատոնը Չեխիայի մեկ տասնյակից ավելի քաղաքներում չեխ հանրությանը կներկայացնի Հայաստանը, Բելառուսը, Չեռնոգորիան և Ավստրիան (Բռնո, Ուհերսկի Բրոդ, Յիհլավա, Օլոմոուց, Օստրավա, Հրադեց Կրալովե, Հոդոնին, Սլապ, Պրահա):
Փառատոնի հայկական մասն անցկացվում է Չեխիայում Հայաստանի դեսպանության հովանու ներքո: Այն բաղկացած է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության, Մարդկության ոչ-նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական և նախնական ցանկերում գրանցված հուշարձաններն ու տարրերը, ինչպես նաև ականավոր հայ անհատներին ներկայացնող շրջիկ ցուցահանդեսից:
Հիմնական ցուցահանդեսը լրացվում է նաև Խորհրդարանի պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան բարեկամության խմբի նախկին նախագահ Ռոբին Բյոհնիշի՝ «Հայաստան. լեռների, եկեղեցիների և գինիների երկիր» լուսանկարների ցուցահանդեսով: Տարբեր առիթներով ցուցահանդեսներն ուղեկցվում են «Կիլիկիա» հայկական պարային համույթի և երգչուհի Կարին Սարկիսյանի կատարումներով, ինչպես նաև տեղի հայկական համայնքների կողմից կազմակերպված հայ խոհանոցի համտեսներից:
Հայկական ծրագիրը մեկնարկել է Բռնոյում մայիսի 5-ին՝ նաև Հարավային Մորավիայի երկրամասի ղեկավարի հովանու ներքո, որտեղ ցուցահանդեսները ցուցադրվել են նահանգապետարանի շենքում և Բռնոյի տարբեր այլ վայրերում մինչև 2021թ․ հունիսի 11-ը: Դեսպան Աշոտ Հովակիմյանի՝ Հարավային Մորավիայի երկրամաս աշխատանքային այցի շրջանակներում հունիսի 11-ին ցուցահանդեսի փակման արարողությանը դեսպանին հյուրընկալել էին երկրամասի ղեկավար Յան Գրոլիխը և ղեկավարի տեղակալ Լուկաշ Դուբեցը: Դեսպան Աշոտ Հովակիմյանը և Լուկաշ Դուբեցը երեկոյան միասին ներկա գտնվեցին Վիլլա Լյըվ-Բիրում անցկացված հայկական երեկոյին, որի շրջանակներում անցկացվեց ցուցահանդեսների վերջին ցուցադրությունը` ուղեկցված հայկական «Կիլիկիա» համույթի ու հայ երգչուհի Կարին Սարկիսյանի և տեղական «Սլովացկի» համույթի ելույթներով, որոնց հաջորդեց հայկական ուտեստների և գինիների համտես։
Հունիսի 12-ին դեսպան Աշոտ Հովակիմյանն այցելեց Ուհերսկի Բրոդ քաղաքը, որտեղ տեղի ունեցավ հայկական ծրագրի պաշտոնական մեկնարկը` հայկական մշակույթի օրվա տեսքով, որն անցկացվեց նաև Զլինի երկրամասի ղեկավար Ռադիմ Հոլիշի և Ուհերսկի Բրոդի քաղաքապետ Ֆերդինանդ Կուբանյիկի հովանավորությամբ և մասնակցությամբ: Տոնակատարությունը մեկնարկեց «Սպիտակկարպատյան փառատոն 2021»-ի շրջանակներում «Կիլիկիա» համույթի և երգչուհի Կարին Սարկիսյանի ելույթներով, որոնց հաջորդեց տեղի մշակույթի տանը հայկական ցուցահանդեսների բացումը: Դեսպանի այցը եզրափակվեց 17-րդ դարի ականավոր մանկավարժ-հումանիստ Յան Ամոս Կոմենսկու տուն-թանգարանի այցելությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան