Եվրոպական երկրները աջակցություն կցուցաբերեն Հայաստանում ընտրական գործընթացին
Հայաստանի կառավարության պաշտոնական խնդրանքով՝ Եվրոպական միությունը (ԵՄ), Գերմանիայի, Նիդեռլանդների, Շվեդիայի, Շվեյցարիայի և Միացյալ Թագավորության կառավարություններն աջակցություն են ցուցաբերելու հունիսի 20-ին Հայաստանում անցկացվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Նախաձեռնության նպատակն է օժանդակել Հայաստանի իշխանություններին՝ կազմակերպելու վստահելի և թափանցիկ արտահերթ ընտրություններ, ինչպես նաև ամրապնդելու ընտրական մարմինների կարողությունները։ Այս մասին հայտնում է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիրը (UNDP)։
Նշվում է, որ աջակցությունն ուղղորդվում է «Հայաստանում ընտրական գործընթացներին աջակցություն» (ՀԸԳԱ) ծրագրի միջոցով և իրականացվում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) հետ սերտ համագործակցությամբ։
ՀԸԳԱ-ն թիրախավորելու է այնպիսի առանցքային ոլորտներ, ինչպիսիք են 2017թ․ ընտրություններին ներմուծված ընտրողների նույնականացման սարքերի (ԸՆՍ) շարունակական օգտագործումը, օժանդակությունը ԿԸՀ-ին՝ ընտրողների համար կրթական նյութեր պատրաստելու հարցում, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացումը՝ կապված ընտրական գործընթացների հետ, ինչպես նաև առողջապահական և անվտանգության միջոցառումների ապահովումը՝ ընտրությունների օրը ՔՈՎԻԴ-19-ի տարածման ռիսկերը նվազեցնելու համար։
«Մեր աջակցության նպատակն է նպաստել Հայաստանի կայուն ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորմանը՝ կազմակերպելու ժողովրդավարական ընտրություններ: Այն իրականացվում է բարելավելով ընտրական գործընթացների վերահսկման համար պատասխանատու առանցքային ինստիտուտների տեխնիկական ներուժի ու փորձագիտական հմտությունները, և քաջալերելով ընտրողների բավարար չափով չներկայացված ու խոցելի խմբերին՝ օգտվելու իրենց ընտրական իրավունքից՝ կրթության և իրազեկվածության բարձրացման միջոցով։ Սա հիմք է հանդիսանալու վստահելի, ներառական և թափանցիկ ընտրությունների համար», - հայտարարեցին միջազգային դոնոր համայնքի ներկայացուցիչները։
Այս աջակցությունը հիմնված է տեխնիկական աջակցության արդյունքների վրա՝ իրականացված Ճապոնիայի կառավարության հետ համագործակցությամբ: ՀԸԳԱ թիմը նաև սերտորեն համակարգում է իր գործողություններն այլ միջազգային կազմակերպությունների հետ, որոնք նույնպես տեխնիկական օժանդակություն են ցուցաբերում ընտրական գործընթացներին՝ առավելագույնի հասցնելով դոնորների տրամադրած աջակցության արդյունավետությունը։
Հետընտրական շրջանում ծրագիրն աջակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձեռք բերված փորձի վերլուծության իրականացմանը, ընտրական գործընթացում ծագած հիմնական մարտահրավերների և դրանց հաղթահարման հնարավոր ուղիների քննարկմանը, որոնք կնպաստեն սահմանելու հետագա օժանդակության շրջանակները։ Ավելին, առաջին քայլերը կձեռնարկվեն բացահայտված մարտահրավերներին լուծումներ տալու ուղղությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա