«Հրապարակ». Որոշ փողատերեր իշխանությունների ցուցումով աշխատում են Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Բիզնեսը և քաղաքականությունը տարանջատելու մասին տարիներ շարունակ թմբկահարող, նախկին քրեաօլիգարխիկ բարքերի դեմ պայքարի առաջամարտիկ Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության ցուցակում գործարար և օդիոզ դեմքերի պակաս չկա։ Ցուցակի 11-րդ համարը ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի՝ Շշերի Մելոյի եղբայրն է՝ Ռոբերտ Սարիբեկի Մանուկյանը, ով «ՍԱՄ-ՀԱՐ» ՍՊԸ-ի տնօրենն է։
Ռոբերտ Մանուկյանի քաջագործություններին 2 տարի առաջ մամուլն անդրադարձել է․ 2019-ին եղբոր՝ Շշի Մելոյի դեմ մահափորձից րոպեներ անց նա դեպքի վայրից փախցրել էր եղբոր ավտոմեքենան՝ չենթարկվելով ոստիկանների հրամանին, և միայնակ ծեծի էր ենթարկել 6 ոստիկանի։ Նրան ձերբակալեցին, ապա գրավի դիմաց ազատ արձակեցին։
Ավելի վաղ գրել էինք, որ Զավենիչի ցուցակում է նաև ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, «Վեդի Ալկո»-ի սեփականատեր Մանվել Ղազարյանը։ Տեղեկություններ կան, որ որոշ փողատերեր իշխանությունների ցուցումով աշխատում են այս ուժի համար, քանի որ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ առանց արբանյակ ուժերի մեծամասնություն և կառավարություն ձևավորել չի կարող»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: