Ասողիկ աբեղա Կարապետյան. Ամենայն լրջությամբ և պատասխանատվության բարձրագույն գիտակցությամբ պետք է կատարենք մեր ընտրությունը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և Թանգարանների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը գրում է.
«Սիրելի ընկերներ, հետևորդներ,
քույրեր և եղբայրներ ի Քրիստոս,
Այս օրերին շատեր գրեցին, հարցրեցին, թե որպես հոգևորական ի՞նչ խորհուրդ կտամ, ի՞նչ ուղղորդում կանեմ՝ կապված առաջիկա արտահերթ ընտրությունների հետ:
Այո, մեծավ մասամբ չարձագանքեցի, ոչինչ չասացի: Սակայն այժմ որոշեցի այսպես՝ ընդհանրական կերպով պատասխանել ձեր դիմումներին:
Անվերապահորեն պետք է մասնակցենք ընտրություններին. դա քաղաքացիական պարտք է և բարոյական սխրանք: Հակառակ դեպքում հանցավոր ենք Հայրենի պետության առաջ և մեղավոր Արարիչ Աստծո առջև: Հետևաբար, տե՛ր լինենք մեր քվեին և սրբորեն կատարենք մեր պարտքն առ Հայրենիք և ևս մեկ առաքինական գործ գրանցենք Տիրոջ Կենաց մատյանում:
Իսկ գնալով թե ո՞ւմ ընտրենք՝ յուրաքանչյուրի գիտնալիքն է. ամեն մեկս ընտրելու ենք մեր խղճի մտոք, ընտրելու ենք նրան, ում մեր բանականությունը կընդունի և կվստահի: Հետևաբար, ամենայն լրջությամբ և պատասխանատվության բարձրագույն գիտակցությամբ պետք է կատարենք մեր ընտրությունը:
Վերջապես, սիրելիներ, այդ առավել քան երկու տասնյակ ընտրաթերթիկներից պետք է ընտրել այն մեկին, ով մեր անձնական պատկերացմամբ կդառնա այն ուժական մարմինը, որը հավասարակշռված ու խորագիտությամբ, արդարությամբ և նվիրումով կյանքի կկոչի մեր Ազգի արդար իղձերը, կշենացնի մեր Հայրենիքը, կպահպանի ազգային մեր ողջ ժառանգությունը, կպաշտպանի մեր հայ ինքնությունը և այդպես կկառուցի բարօր ու երջանիկ կյանքը մեր հայ ժողովրդյան:
Արդ, մի պահ կանգ առնենք, խաղաղ հոգով և պայծառ մտքով մեր հայացքը հառենք մեր անցյալի փառապանծ դեմքերին ու դեպքերին և նրանց արտացոլանքը դույզն ինչ տեսնելով այսօրվա ընտրելիներից մեր ընտրյալի մեջ՝ նրան տանք մեր ձայնը:
Հայաստանը և հայ ազգը հավիտենական են, մնում է, որ մենք հավատարիմ լինենք մեր լույսի, հույսի, հզոր Հայրենիքի գաղափարին, տեսիլքին և կերտմանը՝ որպես Ազգի հարազատ զավակներ:
Հայ հոգևորականի օրհնությունն անխտիր բաշխվում է ամեն մի հայի, սակայն ամեն հայորդի չէ, որ կարող է լինել առաջնորդ: Արդ, ձեր փակ, գաղտնի, միայն Տիրոջն ու ձեզ իմանալի ընտրությամբ առաջնորդության կոչեք ուժեղազուններին: Եվ թող աստվածային օրհնությունը լինի մեզ ամենքիս հետ և թող Ամենարդար Տերը մեզ լինի ապավեն ու օգնական»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան