Ռուսաստանը 3,2 միլիոն դոլար է հատկացնում Հայաստանին
Ռուսաստանի կառավարությունը 3,2 միլիոն դոլար է հատկացրել՝ հետպատերազմական վերականգնման գործում Հայաստանին օգնելու համար:«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին շաբաթ օրը հաղորդել է Երևանում Ռուսաստանի դեսպանատունը:
«Ռուսաստանի Դաշնության կառավարությունը որոշում է կայացրել ֆինանսավորել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) նախագիծը, որը կօգնի Հայաստանի Հանրապետության առավել տուժած շրջաններին հետկոնֆլիկտային վերականգնման գործընթացում: Այդ նպատակով բյուջեից կկատարվի 3.2 միլիոն դոլարի հատկացում: Դեսպանությունն արդեն պաշտոնապես տեղեկացրել է հայկական կողմին այս որոշման մասին»,- ասվում է դեսպանության ֆեյսբուքյան էջի գրառման մեջ:
Դիվանագիտական առաքելությունից հայտնել են, որ Ռուսաստանը համակարգված ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Հայաստանի համապարփակ զարգացմանն ուղղված ՄԱԿ-ի կառույցների նախաձեռնություններին:
«Առողջապահության, կրթության, սոցիալ-տնտեսական զարգացման (ներառյալ գյուղական և սահմանամերձ շրջանները), հայկական արդյունաբերության մրցունակության բարձրացման, շրջակա միջավայրի պահպանության, բնական աղետների դեմ պայքարի, էներգաարդյունավետության ոլորտում ծրագրերի իրականացման գործում նման աջակցության ընդհանուր ծավալը 2010 թվականից ի վեր արդեն կազմել է շուրջ 70 միլիոն դոլար»,- ասվում է հաղորդագրության մեջ: