ԱՄՆ-ը չի դադարեցրել Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի փոխանցումը. Ջեն Փսակի
ԱՄՆ-ը չի դադարեցրել Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի փոխանցումը, հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին: Նրա խոսքերը փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
Նա անվանել է «անհեթեթ» լրատվամիջոցների այն հաղորդումները, ըստ որի, ԱՄՆ և ՌԴ նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի հանդիպումից առաջ Վաշինգտոնը որպես «ժամանակավոր միջոց» կասեցրել է Ուկրաինային 100 միլիոն դոլարի ռազմական օգնության ծրագրի իրագործումը: Politico-ն նախորդ օրը գրել էր ռազմական օգնության փոխանցման սառեցման մասին:
Ըստ Պսակիի, Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի նախօրեին Կիևը ստացել է150 մլն դոլարի անվտանգության աջակցման փաթեթ, «այդ թվում` մահաբեր զենք»: Նա նշել է, որ ԱՄՆ-ն արդեն տրամադրել է ամբողջ գումարը, որը հատկացվել է Կոնգրեսի կողմից՝ Ուկրաինայի անվտանգության խթանման նախաձեռնության շրջանակներում:
Սպիտակ տան խոսնակը նաև հիշեցրել է, որ Պուտինի հետ հանդիպումից երկու օր առաջ Բայդենը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ասել էր՝ ԱՄՆ-ը կշարունակի Ուկրաինայի համար ապահովել այնպիսի դիրքեր, որոնց շնորհիվ նա կշարունակի դիմակայել ռուսական ագրեսիային»:
«Նախագահ Բայդենը նախագահ Պուտինին շիտակ ասել է, որ մենք անսասանորեն կաջակցենք Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,- ասել է Պսակին` հավելելով, որ ԱՄՆ-ը նաև ձևավորել է պահուստային ֆոնդ` Ուկրաինա ռուսական հնարավոր ներխուժման դեպքում:
Նա շեշտել է, որ Ուկրաինային աջակցելը շարունակում է մնալ ԱՄՆ քաղաքականության հիմնական ուղղությունը:
Պենտագոնը 2021 թվականին հաստատել էր Ուկրաինային զենքի մատակարարման ընդհանուր 275 միլիոն դոլարի երկու փաթեթ :