Սոս Հակոբյան. Հրավիրում ենք միջազգային դիտորդների ուշադրությունը «Պատիվ ունեմ»-ի նկատմամբ իրականացվող հետապնդումներին
«Արդեն մեկ շաբաթ է՝ շարունակվում են մասսայական ճնշումները «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչների նկատմամբ։ Քաղաքական ենթատեքստով ապօրինի հետապնդումներն ուժգնացել են երեկվանից և այսօր առավոտվանից»,- հայտարարեց «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը հրավիրած հրատապ մամուլի ասուլիսում։
Հրատապ ասուլիս հրավիրելու պատճառ էր դարձել այսօր վաղ առավոտից «Պատիվ ունեմ» դաշինքի անդամների նկատմամբ հարուցված մասսայական քաղաքական հետապնդումները։ Սոս Հակոբյանն ընդգծեց, որ ասուլիսում որևէ քարոզչական հայտարարություն չի հնչելու, ինքն էլ ընդգրկված չէ դաշինքի ընտրական ցուցակում։
Նա նշեց, որ «Պատիվ ունեմ» դաշինքի մի քանի տասնյակ պատգամավորության թեկնածուներ, շտաբների ակտիվիստներ, կողմնակիցներ բերման են ենթարկվում։
«Ունենք նաև ձերբակալվածներ։ Մոտ երեք տասնյակ անձ այսօր կանչվել է տարբեր քննչական մարմիններ բացատրություններ տալու։ Որոշ տեղերում կատարվել են խուզարկություններ»,- ասաց Հակոբյանը։
«Պատիվ ունեմ» դաշինքի մաս կազմող «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակը մանրամասնեց, որ Վայոց Ձորում ձերբակալվել է դաշինքի պատգամավորության թեկնածու Գոռ Սեդրակյանը, որը կուսակցության Վայոց Ձորի գրասենյակի ղեկավարն է։
«Իրավապահ մարմիններն այսօր խուզարկություններ են իրականացրել թե կուսակցության գրասենյակում, թե Գոռ Սեդրակյանի բնակարանում, թե մեքենայում։ Այն տևել է մի քանի ժամ, ոչինչ չի հայտնաբերվել, ինչից հետո նրան ձերբակալել են»,- ասաց Սոս Հակոբյանը։
Նա հիշեցրեց, որ պատգամավորության թեկնածուն ունի անձեռմխելիություն, և ըստ օրենքի, նրան կարող են ձերբակալել այն դեպքում, երբ նա բռնվում է ենթադրյալ հանցագործությունը կատարելու պահին կամ էլ կատարելուց անմիջապես հետո։ Միաժամանակ ընդգծեց, իրավապահ մարմինների ներկայացուցիչները Գոռ Սեդրակյանի հետ անցկացրել են ժամեր խուզարկությունների ընթացքում, չի հայտնաբերվել որևէ ապօրինի բան, չկա հանցակազմի ապացույց։
«Անգամ առանց նախաքննական նյութերին ծանոթանալու օբյեկտիվ դիտորդի համար ակնհայտ է, որ սա քաղաքական հետապնդում է»,- ասաց բանախոսը՝ հիշեցնելով, որ Սեդրակյանի պաշտպանությունն իրականացնում է փաստաբան Գայանե Պապոյանը։
Բացի Գոռ Սեդրակայանից, ձերբակալված է ևս երկու անձ։ Ըստ բանախոսի, իրավապահների կողմից ապօրինի քայլ է կատարվել Հրազդանում, 40 հոգի ներխուժել է գրասենյակ, խուզարկություններ իրականացրել առանց դատարանի թույլտվության։
«Ես ստիպված եմ լինել զուսպ, չտալ քաղաքական գնահատական, միայն հնչեցնել փաստեր։ Հրազդանում նույնպես տակնուվրա անելուց հետո ոչինչ չեն գտել։ Մուտք են գործել նաև Գյումրիի գրասենյակ»,- ասաց նա։
Սոս Հակոբյանի խոսքով, բազմաթիվ ահազանգեր են ստացել կուսակցության անդամներից, կողմնակիցներից, որ իրենց մասսայաբար կանչում են ոստիկանության բաժիններ, մի քանի ժամ պահում, ինչպես նաև նրանց հետևում են։
«Հստակ ուղղորդված, համակարգված հետապնդումներ են, որոնք ունեն քաղաքական նպատակներ։ Մենք հրավիրում ենք բոլոր միջազգային դիտորդների, լրատվամիջոցների ուշադրությունն այս դեպքերին, կոչ ենք անում աչալուրջ կերպով հետևել թե այսօր, թե վաղը որևէ ուժի կողմից իրականացվող ապօրինություններին»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Աշոտյան. Ինչո՞ւ են վերջին երեք օրերին ընկել հենց «Պատիվ ունեմ» դաշինքի հետևից
- Ձերբակալվել է «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածուն
- Արսեն Բաբայան. Խռխռացող դավաճանի անձնական իրավապահները շուրջ 40 հոգով ներխուժել են Հրազդանի մեր գրասենյակ
- Արթուր Վանեցյանի ահազանգը. Ուժայինների կողմից տեռոր է սկսվել «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբերի, աջակիցների նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին