Սոս Հակոբյան. ԿԸՀ-ն պետք է հստակ պարզաբանի, որ տեխնիկական խոտանի հետևանքով կապույտ նշումը չի կարող քվեաթերթիկն անվավեր ճանաչելու հիմք լինել
«Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական շտաբում այսօր ստացվել են ահազանգեր, որ թիվ 6 քվեաթերթիկի վրա առկա են կապույտ նշումներ։
«Կարծես տեխնիկական խոտան է ներկի տեսքով։ Որոշ ընտրատեղամսերում նման քվեաթերթիկների թիվը հասնում է մինչև 300-ի»,- հրավիրած հրատապ ասուլիսում այս մասին հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի մաս կազմող «Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը։
Նա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ուշադրությունը հրավիրեց այս հանգամանքին։
«Հստակ պետք է տրվի պարզաբանում, որ հանկարծ տեխնիկական խոտանի հետևանքով քվեաթերթիկի վրա առկա գույնի պատճառով անվավեր չճանաչվի քվեարկության արդյունքը՝ կոնկրետ ընտրողի քվեն։ Նորից եմ կրկնում, կան տեղեկություններ, որ որոշ տեղամասերում մինչև մի քանի հարյուր քվեաթերթիկ պատված են կապույտ գույնի ներկով և ԿԸՀ ուշադրությունն ենք հրավիրում այս փաստին, որպեսզի լինի հստակ պարզաբանում, որ դա չի կարող հիմք լինել քվեաթերթիկներն անվավեր ճանաչելու համար»,- ընդգծեց նա։
Սոս Հակոբյանը ԿԸՀ ուշադրությունը հրավիրեց նաև որոշ տեղամասերում առկա խոտանված քվեատուփերի վրա, որոնց լուսանկարները տարածվել են տելեգրամյան ալիքներով։
Հիշեցնենք, որ նման խնդրի մասին բարձրաձայնել էր նաև «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը.
«Ահազանգեր ենք ստանում այն մասին, որ «Հայաստան» դաշինքի համար 24 տպագրված քվեաթերթիկի վրա առկա է չնախատեսված նշում, որի հետևանքով կա մտավախություն, որ սա արվել է միտումնավոր հետագայում քվեաթերթիկները անվավեր ճանաչելու նպատակով:
Հրավիրում եմ դիտորդների և ԿԸՀ ուշադրությունը և ակնկալում եմ սպառիչ պատասխան»։
«Փաստինֆո»-ն գրել էր, որ Արմավիրի մարզի 14/29 ընտրատեղամասում քվերաթերթիկներն ստանալու ընթացքում հանձնաժողովի անդամներն ու դիտորդները նկատել են, որ «Պատիվ ունեմ» դաշինքի` մի քանի հարյուր քվեաթերթիկների վրա կան կողմնակի նշումներ` կատարված կապույտ գույնի թանաքով, որոնք ենթադրաբար կարող են առիթ հանդիսանալ այդ քվեաթերթիկները չեղյալ համարելու համար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան