Հայ բռնցքամարտիկը տեխնիկական նոկաուտով հաղթել է ադրբեջանցի բռնցքամարտիկին
Իտալիայում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնության 3-րդ մրցումային օրը կաշվե ձեռնոցի հայ պատվիրակների հաղթարշավը շարունակվում է: Այսօր առավոտյան մրցահերթում ռինգ դուրս եկած հայ բոլոր բռնցքամարտիկները հաղթել են իրենց մրցկիցներին: Այս մասին հայտնում են Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիայից։
60 կգ քաշային ժորժիկ Մարությանը իր առաջին մենամարտում հաղթանակ է տոնել ադրբեջանցի Ջալալ Գառբանովի նկատմամբ: Առաջին երկու ռաունդներում մեր բռնցքամարտիկը ունեցել է հսկայական առավելություն ու նրա հարվածաշարերից մեկի ժամանակ մրցակիցը ունքի պատռվածք է ստացել և 2-րդ ռաունդում ռինգի մրցավարը դադարեցրել է մենամարտը:
Այնուհետև բժիշկները թույլ չեն տվել շարունակել մենամարտը, և քանի որ Մարությանը նաև միավորներով մեծ առավելություն է ունեցել, հաղթանակը շնորհվել է հայ մարզիկին:
Հաղթանակ է տոնել նաև Արմեն Մաշակարյանը, ում համար սա երկրորդն էր այս առաջնությունում: Այս անգամ Մաշակարյանը պարտության է մատնել մոլդովացի Նիկոլա Բուկսային:
Երեկոյան մրցահերթում ասպարեզ դուրս կգան 52 կգ քաշային Ռուդոլֆ Գաբոյանը և 81 կգ քաշային Համբարձում Հակոբյանը: Գաբոյանը կմենամարտի ուկրաինացի Մաքսիմ Հալինկևի հետ, իսկ Հակոբյանի մրցակիցը կլինի լեհ Պիոտր Բարտոզան: