Արմեն Չարչյան. Այդ գործը փուչիկ է և պայթելու է փուչիկի նման
«Ես շատ երախտապարտ ու շնորհակալ եմ իմ բոլոր ընկերներին, բարեկամներին, ծանոթներին, անծանոթներին, բոլոր նրանց, ում հետ առնչվել եմ կամ չեմ առնչվել, որոնք իրենց զորակցությունը հայտնեցին ինձ վիրտուալ տիրությում, զանգերի միջոցով այս ապօրինի, ոչ մարդկային գործընթացի կապակցությամբ»,-լրագրողների հետ ընթացող հանդիպմանը հայտարարեց «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանը։
Հիշեցնենք, որ նրան ձերբակալել էին մի ձայնագրության հիման վրա, իսկ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ձերբակալությունը ոչ իրավաչափ համարեց, և Չարչյանն ազատ արձակվեց։
Նա նշեց, որ հարցի իրավական կողմին անդրադառնալ չի ցանկանում։
«Երկու բան ունեմ ասելու, առաջինը, որ բացարձակապես անընդունելի եմ համարում այն մեղադրանքի կասկածը, որն առաջադրվել է ինձ, քանի որ ես բավականաչափ լավ տիրապետում եմ օրենքներին և որևէ զանցանք, օրենքի խախտում, որևէ հանցանք երբեք չեմ կատարել իմ գործողություններով։ Հետևաբար այդ գործը, որ կարվել է, իր մեջ նյութ չի պարունակում, բացի օդից։ Այդ գործը փուչիկ է և պայթելու է փուչիկի նման»,-հայտարարեց պրոֆեսոր Չարչյանը։
Անդրադառնալով երկրորդ կետին, բանախոսն ասաց, եթե նյութ չկա, իրավապահներն էլ դա գիտակցում են, սակայն գործ են հարուցել, իրեն ձերբակալել ու մոտ 40 ժամ անազատության մեջ պահել, ապա նշանակում է, որ եղել հստակ հրահանգ։
«Խստագույն պահանջ է եղել, որպեսզի ինձ ձերբակալեն»,-նշեց Չարչյանն ու ուրախություն հայտնեց, որ ինքն այդ մարդկանց համար մեծ վտանգ է ներկայացնում։
«Հայաստան» դաշինքի կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Արմեն Չարչյանը պնդեց, այդ գործը բացառապես քաղաքական երանգ ունի և բացառապես կախված է իր քաղաքացիական ու քաղաքական դիրքորոշումներից։
Չարչյանի խոսքով, ասելիք էլի ունի, սակայն դա կանի 2-3 օրից։
Ի դեպ, ՁՎՊ աշխատակիցները, ըստ բանախոսի, իր նկատմամբ ունեցել են խիստ հարգալից, երբեմն նաև ջերմ վերաբերմունք։
Չարչյանն ընդգծեց, եթե հանցանք գործել, ապա պետք է մի կողմ դրվեն իր ծառայությունները պետությանը, իր գործը, և հարցը դիտարկել իրավական հարթության մեջ։
«Լինեմ ես Չարչյանը, թե Պողոսյանը, մենք բոլոր պետք է հավասար լինեն օրենքի առաջ»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Նրանք չամուսնացած այրիններ են մի սրիկայի, թշնամու ու դավաճանի պատճառով․ Էդգար Ղազարյան
- Արմեն Չարչյանն ազատության մեջ է
- Արմեն Չարչյանը կլինի ազատության մեջ. Վարդևանյան
- Արմեն Չարչյանի պաշտպան. Հիմա կա ենթադրելու, որ դատարանի նկատմամբ հենց այս պահին բիրտ ճնշումներ են գործադրվում
- Արմեն Չարչյանի գործով դատարանի որոշման հրապարակումը հետաձգվել է․Վարդևանյան
- Բոլորը, նաև ՀՔԾ քննիչները, գիտեն, որ սա քաղաքական հետապնդում է. Չարչյանի պաշտպան