Կնոջը սպառնացել են՝ որդու նկատմամբ կհարուցեն քրգործ ու կազատազրկեն, եթե ցուցմունքներ չտա՝ ոստիկանների նշած հարցերի շուրջ. ՄԻՊ աշխատակազմ
Երեկ՝ 2021թ. հունիսի 19-ի ուշ երեկոյան, փաստաբաններ Լուսինե Մարտիրոսյանն ու Վարդուհի Էլբակյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգ են ներկայացրել այն մասին, որ իրենց վստահորդներ, «Հայաստան» դաշինքի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 5 համակիրներ՝ 2 կին և 3 տղամարդ, օրենքի խախտմամբ նույն օրը բերման են ենթարկվել Ոստիկանության Մալաթիայի բաժին և բաժնում պահվում են առանց հիմքի: Փաստաբանները նաև խնդրել են արագ արձագանքման այց, քանի որ իրենց ոստիկանները թույլ չեն տալիս մուտք գործել բաժին:Այս մասին նշված է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունում։
«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խումբն ահազանգի հիման վրա այց է իրականացրել Ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ ներկայացվել են պարզաբանումներ, որ «Հայաստան» դաշինքի համակիրները բերվել են կաշառք ստանալու և կաշառք տալու կասկածանքներով:
Ոստիկանության բաժնում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների հետ առանձնազրույցների ընթացքում ազատությունից զրկված անձանցից մի քանիսը և փաստաբանները նշել են, որ ոստիկանները բերման ենթարկված կանանցից մեկի նկատմամբ բերման ենթարկելիս ու բաժնում գտնվելու ընթացքում գործադրել են օրենքով արգելված վերաբերմունք: Մասնավորապես, կանանցից մեկին բերման են ենթարկել իր չափահաս որդու հետ միասին: Բերման ենթարկելիս կնոջը չի ներկայացվել որևէ պատճառ, նրան քաշքշել են և մի քանի ոստիկաններով հարկադրաբար մեքենայով բերման ենթարկել բաժին: Բաժնում նշված կնոջը պարբերաբար վիրավորել ու հայհոյել են, պահանջել են գրել այն, ինչ կասեն ոստիկանության ծառայողները: Այնուհետև, կնոջը սպառնացել են, որ իր հետ բերման ենթարկված որդու նկատմամբ կհարուցեն քրեական գործ ու կազատազրկեն, եթե ցուցմունքներ չտա՝ ոստիկանների նշած հարցերի շուրջ:
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները տեղում արձանագրել են, որ կնոջ վատառողջ լինելու պատճառով հրավիրվել է «Շտապօգնության» բրիգադ: Այս մասին նշել են նաև բերման ենթարկված կինը և փաստաբանները:
Բացի նշվածից, փաստաբաններ Լուսինե Մարտիրոսյանը Մարդու իրավունքների պաշտպանին առանձին տեղեկություններ է ներկայացրել այն մասին, որ երբ ինքը և փաստաբան Վարդուհի Էլբակյանն իրենց վստահորդներին տեսակցելու նպատակով ժամանել են Ոստիկանության Մալաթիայի բաժին, հերթապահ մասի ծառայողները բաժնի դուռը չեն բացել և շուրջ 30-35 րոպե իրենց դիտավորյալ թույլ չեն տվել մտնել բաժին, այդ ընթացքում պարբերաբար իրենց կոպտել են ու հեգնել: Այնուհետև, բարձրացված աղմուկից հետո բացել են բաժնի դուռը, սակայն հերթապահ մասում Ոստիկանության սպայական ուսադիրներով ծառայող վեճի է բռնվել փաստաբանների հետ, սկսել է գոռգոռալ նրանց վրա ու նշել, որ իրենց գործն է՝ կթողնեն, թե չեն թողնի փաստաբաններին մուտք գործել: Հերթապահ մասում շուրջ 5-7 րոպե տևած վեճից հետո թույլ են տվել բարձրանալ վերև:
Արդեն Ոստիկանության բաժնում փաստաբանն արձանագրել է, որ իր վերը նշված կին վստահորդը գտնվում է Ոստիկանության ծառայողների աշխատասենյակներից մեկում՝ 7-8 ոստիկանի ներկայությամբ, ովքեր վիրավորել են կնոջը և սպառնացել, որպեսզի ցուցմունքներ տա:
Ըստ Լուսինե Մարտիրոսյանի՝ իրենց վստահորդի հետ առանձնազրույց ունենալու և նկարագրված արարքները բացառելուն ուղղված իրենց պահանջներին ի պատասխան, Ոստիկանները սկսել են իրենց ագրեսիվ պահել փաստաբանների նկատմամբ, վիրավորական արտահայտություններով են խոսել բոլոր փաստաբանների մասին և նշել, որ ոստիկաններն են որոշում, թե ով և ում հետ կարող է խոսել: Այնուհետև, փաստաբանին իր վստահորդի հետ առանձնազրույցի ու իրավաբանական օգնություն ցուցաբերելու համար տևական ժամանակ աշխատասենյակ չեն տրամադրել:
Փաստաբանները Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված ահազանգերով տեղեկացրել են, որ իրենց վստահորդներին Ոստիկանություն բաժին բերման ենթարկելու ոստիկանների արարքներն ակնհայտ անօրինական են, կոպիտ խախտել են իրենց վստահորդների անձնական ազատության իրավունքը, քանի որ հարուցված որևէ քրեական գործ չկա, խոսքը վերաբերում է միայն նյութերի նախապատրաստման մասին:
Ավելին, ըստ փաստաբանների՝ Ոստիկանության ծառայողները չեն ներկայացրել որևէ կասկած: Հակառակը՝ իր վստահորդներից նշված կնոջը միայն սպառնացել են նոր քրեական գործերով, եթե չներկայացվեն իրենց ցանկալի տեղեկությունները:
Վերը նկարագրված տեղեկությունները ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից կուղարկվեն ՀՀ գլխավոր դատախազություն՝ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ընթացակարգի շրջանակում հարցին ընթացք տալու համար»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են