Արթուր Վանեցյան. Քվեարկում եմ հանուն մեր ապահով Հայաստանի, հանուն Արցախի և Հայաստանի ապագայի
«Այսօր քվեարկում եմ հանուն արժանապատիվ, բարեկիրթ, ապահով Հայաստանի, հանուն մեր մեծ հայրենիքի, հանուն Արցախի և Հայաստանի ապագայի»,- նախքան քվեարկելը լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակը գլխավորող, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:
Նա հիշեցրեց՝ ավելի վաղ ասել է, որ այսօր ուղղակի ընտրություններ չեն, Հայաստանի լինելու-չլինելու ընտրություն է:
Պատասխանելով քվեարկությունից առաջ ձերբակալությունների, խուզարկությունների մասին հարցերին, Արթուր Վանեցյանն ասաց, իշխանությունը հոգեվարքի մեջ է, նրանց բոլոր քայլերը միտված են ընդդիմության դիրքերը թուլացնելուն:
«Նրանք հասկանում են, որ այլևս երբեք Հայաստանում վերարտադրվելու կամ իշխանություն կազմելու հնարավորություն չունեն, ուստի վերջին ճիգերն են գործադրում իրենց իշխանական աթոռներից կառչած մնալու համար»,- ասաց նա:
Հարցին՝ հետընրական ի՞նչ զարգացումներ եք սպասում, «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածուն ասաց. «Դրա պատասխանատուն ընդդիմությունը չէ: Դրա պատասխանատուն փաստացի իշխանությունն է: Կարծում եմ՝ որևէ հետընտրական զարգացումներ չեն լինի, քանի որ ընտրությունների արդյունքները կփաստեն, թե Հայաստանում ով է կազմելու իշխանություն»:
Նա նշեց, որ բազմաթիվ խախտումների մասին ահազանգեր կան՝ «Պատիվ ունեմ» դաշինքի քվեթերթիկների վրա կա ինչ-որ նմուշ, «Պատիվ ունեմ» դաշինքի քվեաթերթիկները չեն տալիս ընտրողներին, իշխանական թևի ներկայացուցիչները ուղղորդում են, մասնավորապես, զինվորականների, ոստիկանության կողմից դաշինքի ակտիվիստների, կան շտաբերի նկատմամբ ճնշումներ:
Նա հայտնեց, որ երեկ ձերբակալվել են դաշինքի Եղեգնաձորի շտաբի ներկայացուցիչները, փաստաբանական թիմին որևէ հիմնավոր ապացույց ներկայացված չէ. «Կարծում եմ՝ դա արվել է բացառապես մեկ նպատակով՝ 72 ժամ, այսինքն, ընտրությունների ընթացքում մեր թիմակիցներին հեռու պահել ընտրական գործընթացներից»:
Նա ասաց, որ ընտրությունների ընթացքին հետևելու է դաշինքի կենտրոնական նախընտրական շտաբից:
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. Հանուն արժանապատիվ խաղաղության և տնտեսական վերելքի. Սա է իմ ընտրությունը
- Մենք քվեարկում ենք հանուն համերաշխության․ Էդմոն Մարուքյան
- Վարչապետի թեկնածուներից առաջիննն իր քաղաքացիական պարտքը կատարեց Արա Զոհրաբյանը