ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ առաքելության ղեկավար․ 100-ից ավելի կարճատև դիտորդների թիմեր ենք տեղակայել բոլոր մարզերում
Դիտորդական առաքելությունը վաղը կներկայացնի ընտրությունների վերաբերյալ նախնական եզրակացություններն այս ողջ դիտարկման ժամանակահատվածի համար։ Այս մասին այսօր հայտարարեց Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ առաքելության ղեկավար Օուեն Մերֆին, որն այցելել էր թիվ 55 դպրոց՝ հետևելու ընտրությունների ընթացքին։
«4 շաբաթ առաջ մենք երկարատև դիտորդներ ենք տեղակայել երկրի բոլոր 10 մարզերում։ Եվ 2 օր առաջ 100-ից ավել կարճատև դիտորդների թիմեր ենք տեղակայել կրկին բոլոր մարզերում։ Եվ նրանք անում են նույնը, ինչ մենք են հիմա անում՝ այցելելու են ընտրատեղամասեր և դիտարկելու են գործընթացը։ Նրանք իրականացնելու են դիտորդություն և իրական ժամանակում զեկուցելու են հիմնական թիմի անդամներին։
Երբ մեկ տեղամասում վերջացնում են, մեկնում են հաջորդ տեղամաս։ Սա շարունակվելու է ողջ օրը՝ մինչև ընտրատեղամասերը կփակվեն։ Գործընթացը շարունակվում է ձայների հաշվարկի ժամանակ, այնուհետ երբ արդյունքները տեղափոխվում են տարածքային ընտրական հանձնաժողովներ, ապա կենտրոնական ընտրական հանձնաժողով։
Այսպիսով, մեր թիմերը տեղակայված են լինելու ընտրատեղամասերում ողջ օրը, տվյալներ ու տեղեկատվություն են հավաքելու, որոնք մենք կհաղորդենք վաղը»,-ասաց Մերֆին։
Մերֆին հրաժարվեց ասել այսօր օրինախախտումներ գրանցվել են, նշելով, որ իրավասու չէ այս պահին նման տեղեկություններ հաղորդել։ Այդ ամենի մասին կհաղորդվի վաղը՝ նախանական եզրակացություններում։
Քարոզարշավի ընթացքի դիտարկման հետ կապված դիտորդական առաքելության ղեկավարը նշեց, որ հրապարակել են միջանկյալ զեկույց, որը ծածկել է մինչև մայիսի 31-ը ժամանակահատվածը։
«Հաջորդ արդեն մեր մեկնաբանությունները թե քարոզարշավի մասին, թե ընտրությունների օրվա մասին՝ կլինի վաղը՝ մեր նախնական դիտարկումներում»,-ասաց Մերֆին։
Մերֆին չասաց, թե քանի ընտրատեղամաս են այսօր այցելել, նշելով, որ առավոտից այդ գործով են զբաղված։
Հիշեցնենք, որ ՀՀ իշխանությունների հրավերով և հիմնվելով 2021թ. ապրիլի 28-ից 30-ը իրականացված Կարքիների գնահատման առաքելության արդյունքների վրա, ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) մայիսի 18-ին մեկնարկել է Դիտորդական առաքելությունը (ԴԱ): Օուեն Մերֆիի ղեկավարությամբ առաքելությունը կազմված է Երևանում տեղակայված 11 անդամներից բաղկացած հիմնական անձնակազմից։ Առաքելության անդամները ԵԱՀԿ մասնակից 21 երկրներից են:
Հարակից հրապարակումներ`
- ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ի միջանկյալ զեկույց․ Զրուցակիցները նշել են նախաքարոզչական շրջանում սադրիչ հռետորաբանության բարձր մակարդակի մասին
- ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավար․ Ես չեմ կարող ենթադրել՝ ինչ կարող է պատահել, թիմն այստեղ է և մենք աշխատում ենք
- ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ը սկսում է իր աշխատանքները՝ դիտարկելու ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունները
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին