Ադրբեջանի դրոշի հետ մեկտեղ Շուշիում կծածանվի նաև Թուրքիայի դրոշը․ Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն հույս է հայտնել, որ ընտրություններին հաջորդած Հայաստանի նոր կառավարությունը դաս կքաղի անցյալում թույլ տված սխալներից, գրում է Interfax.az-ը։
«Հուսով ենք, որ Հայաստանը կհասկանա, որ տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովելու միակ միջոցը բարիդրացիական հարաբերությունների զարգացումն է տարածաշրջանային երկրների հետ: Հայաստանը պետք է դադարեցնի իր հարևանների նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելը և սկսի լավ հարաբերություններ հաստատել նրանց հետ: Պատերազմից հետո, որից հետո Ադրբեջանն ազատագրեց իր նախնիների հողերը, և Բաքուն, և Անկարան վճռականորեն պատրաստ են քայլեր ձեռնարկել տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն ապահովելու համար», - ասել է Չավուշօղլուն՝ Անթալիայում Դիվանագիտական ֆորումի ավարտի կապակցությամբ մամուլի ասուլիսում:
Ըստ Չավուշօղլուի, երկկողմ հարաբերությունների հաստատումը հնարավորություն կստեղծի բազմաթիվ տարածաշրջանային նախագծերի իրականացման համար, ինչը, նրա խոսքերով, առաջին հերթին բխում է Հայաստանի շահերից:
«Երկար տարիներ Հայաստանը սխալ քաղաքականություն է վարել և այդպիսով մեկուսացրել է իրեն: Զարգացման մեջ այն հետ է մնացել Հարավային Կովկասի երկրներից, բայց միայն իր մեղքով: Երևանը պետք է հրաժարվի իր թշնամական վերաբերմունքից և մտածի, թե ինչ կարելի է անել բարիդրացիական հարաբերություններ հաստատելու համար տարածաշրջանի երկրների հետ», - ասել է Չավուշօղլուն։
Չավուշօղլուի խոսքերով, Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բացառիկ են, և «Շուշիի հռչակագրի» ստորագրումից հետո դրանք հասան դաշնակցային մակարդակի:
«Երկու երկրների ղեկավարների ստորագրած հռչակագրում արտացոլված են մի շարք հարցեր: Այս փաստաթղթի ստորագրումը Շուշիում առանձնահատուկ նշանակություն ունի: Ղեկավարները որոշեցին Շուշիում բացել Թուրքիայի գլխավոր հյուպատոսություն: Թուրքիայի արտգործնախարարությունն իր հերթին հնարավորինս շուտ կավարտի բոլոր նախապատրաստական աշխատանքները և դիվանագետներին կուղարկի Շուշի: Ադրբեջանի դրոշի հետ մեկտեղ Շուշիում կծածանվի նաև Թուրքիայի դրոշը», - հավելել է Չավուշօղլուն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան