Հայաստանում ընտրությունները՝ որպես «Հայրենիքը փրկելու հատուկ գործողություն»․ Deutsche Welle
Գերմանական Deutsche Welle-ն անդրադարձել է Հայաստանում այսօր ընթացող Ազգային ժողովի ընտրություններին, գրելով, որ Հայաստանում ընտրություններն ընթանում են՝ որպես «Հայրենիքը փրկելու հատուկ գործողություն»։
Նշվում է, որ Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրությունների պատճառը Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի աշնան պատերազմի արդյունքներն են:
«Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հետ ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարությունը հայ հասարակության մի զգալի մասը ընկալեց որպես կապիտուլյացիա: Երկրում հաջորդեցին զանգվածային բողոքի ցույցերը, և Հայաստանի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ստիպված հայտարարեց արտահերթ ընտրություններ:
Հայաստանում, հավանաբար, երբեք այսպիսի թեժ նախընտրական քարոզչություն չի եղել: Ընտրություններին մասնակցում են ռեկորդային թվով քաղաքական ուժեր՝ 25 քաղաքական կուսակցություն և դաշինք:
Հիմնական ինտրիգը՝ Փաշինյանին կհաջողվի՞ պահպանել հասարակության վստահությունը, թե՞ հիասթափված ընտրողները երես են թեքել նրանից: Թեկնածուներից ռեալ անցողիկ են երկուսը. «Հայաստան» դաշինքը՝ երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, և ներկայիս կառավարությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության: Չկա հստակ ֆավորիտ»,-գրում է կայքը:
Հայաստանում ընտրությունները՝ որպես «Հայրենիքը փրկելու հատուկ գործողություն»
Խորհրդարանում տեղերի հավակնորդներն արտահայտությունների մեջ համեստ չեն: Փորձագետները մատնանշում են հասարակության կտրուկ բևեռացումը: Տպավորություն է ստեղծվում, որ պայքար կա ոչ թե ծրագրերի, այլ հետընտրական իրադարձություններին նախապատրաստվելու միջև:
Քարոզարշավ իրականացնողները խոսում են ոչ թե այն մասին, թե ով է լինելու կառավարության լավագույն ղեկավարը և ինչպիսի Հայաստան են պատրաստվում կառուցել, այլ այն մասին, թե ինչպես են գործ ունենալու իրենց մրցակիցների հետ: Ավելի ու ավելի շատ խոսակցություններ կան, որ նույնիսկ եթե ընտրությունները նորմալ անցկացվեն, հունիսի 21-ին, հնարավոր է բախումներ լինեն հաղթողների և պարտվողների միջև:
Հայ ազգային կոնգրես կուսակցության առաջնորդներից Լեւոն Զուրաբյանը, օրինակ, ընտրություններն անվանեց «հատուկ գործողություն՝ «Հայրենիքը փրկելու համար»:
Ո՞վ կարող է անցնել Հայաստանի խորհրդարան
Նշվում է, որ եթե նախընտրական քարոզչության սկզբում «Քաղաքացիական պայմանագիրը», ըստ սոցիոլոգների, առաջ էր Քոչարյանի դաշինքից, ապա այժմ պատկերը փոխվել է: Տեղական MPG Ltd սոցիոլոգիական կենտրոնի կողմից անցկացված վերջին հարցումների համաձայն, ընտրողների 24,1% -ը պատրաստ է քվեարկել Քոչարյանի «Հայաստան» դաշինքի օգտին, իսկ 23,8% -ը՝ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի»:
Երրորդ տեղում, ըստ սոցիոլոգների, 7,4% ձայնով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի «Պատիվ ունեմ» դաշինքն է: Չի բացառվում, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և երկրում ամենամեծ գործարար Գագիկ Ծառուկյանը, ինչպես նաև առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը կրկին մտնեն խորհրդարան: Կուսակցությունների անցման շեմը 5% է, դաշինքներինը` 7:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան