Լեոնիդ Ազգալդյանի մահվան 29-րդ տարելիցն է
29 տարի առաջ հենց այս օրը կյանքից հեռացել է հայ ազգի նվիրյալներից մեկը` Լեոնիդ Ազգալդյանը:
Լ. Ազգալդյանը 1992 թ. հունիսի 21-ին, Մարտակերտի շրջանում՝ Տոնաշեն գյուղի մոտ, զոհվել է թշնամու դավադիր կրակոցներից։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։
«Չհավատաք, եթե ասեն, որ մահացել եմ։ Ես կմեռնեմ Ստամբուլի պատերի տակ»:
«Թաղման ժամանակ նրան ձեռքերի վրա տանում էին 6 տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ: Նա իր մահով իսկ հայրենասիրության դասեր տվեց և եկավ վերահաստատելու, որ « չկան կուսակցական նահատակներ ու հերոսներ, կա և կմնա ազգային մարտիրոսագրությունը և հերոսական»,- պատմել է արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը:
Ֆիզիկոս, ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանը ծնվել է 1942 թվականին Թբիլիսիում Կամոյից տեղափոխված Ռուբեն Ազգալդյանի ընտանիքում։ 1947-1959 թվականներին սովորել է Երևանի Ա. Մռավյանի անվան դպրոցում։ 1960 թվականին ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որտեղից հետագայում տեղափոխվել է Երևանի պետական համալսարանի համապատասխան ֆակուլտետը և այն փայլուն ավարտել է ռադիոֆիզիկա մասնագիտությամբ։
Աշխատել է ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներում, զբաղվել է պլանավորման մեթոդաբանությամբ և կառավարման համակարգերի ավտոմատացման խնդիրներով, գիտական ուսումնասիրությունների ավտոմատացված համակարգերի հարցերով։ Տարբեր ժամանակաշրջաններում զբաղեցրել է Պետպլանի հաշվողական կենտրոնում, Լազերային տեխնիկայի գիտաարտադրական միավորումում, «էներգիա» գիտաարտադրական միավորումում և Ատոմային էլեկտրակայանների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղի համակարգային ծրագրավորման և հաշվողական տեխնիկայի գծով բաժնի վարիչի պաշտոններ։
Ղարաբաղյան շարժման սկզբնավորման օրից Ազգալդյանը՝ որպես ռազմական առաջատար գործիչ, գործուն կերպով մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին։ 1990 թվականի փետրվարից վարել է «Անկախության բանակ»-ի հրամանատարությունը, կազմակերպել մի շարք շրջանների և հատկապես Վարդենիսի ինքնապաշտպանությունը, մասնակցել ազատագրական մարտերի, այդ թվում Նյուվադիի առաջին գրոհին, իսկ մայիսի 27-ի կայարանի և Սովետաշենի արյունալի սադրանքից հետո ծրագրել և իրականացրել է խորհրդային պատժիչ զորքերի Երևան ներթափանցման փորձի կանխումը։
Ազգալդյանը հետագայում իր ճակատագիրն ամբողջությամբ կապել է Արցախի ազատամարտի հետ՝ սկզբում գործելով Շահումյանի, այնուհետև՝ Մարտակերտի շրջաններում։ 1991 թվականի հունիսին Հովսեփ Հովսեփյանի հետ նա ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը, որի գլխավոր հրամանատարը մնաց մինչև իր կյանքի վերջը։ Թեկուզ միայն Հայաստան-Արցախ-Սփյուռք ճիգերի համադրման իմաստով այդ կազմակերպությունը նոր որակ էր հայ ժողովրդի գոյամարտին ծառայագրված շարժումների շղթայում։
«Ոչ մի կտոր հող չպետք է կորչի, սա Հայաստանն է, և վերջ: Ոչ ոք իրավունք չունի սա վաճառի, փոխանակման, հանձնման դնել»,- ասում էր Լ. Ազգալդյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան