ՀԱԿ. «Կոնգրեսը դատապարտում է ոստիկանության այս խայտառակ գործողությունը»
Հայ ազգային կոնգրեսը տարածել է հայտարարություն, որով դատապարտում է երեկ Ազգային Ժողովի շենքի դիմաց անցկացվող հավաքի ընթացքում ոստիկանության գործողությունները: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Ոստիկանությունը հերթական անգամ դիմել է ապօրինի գործողությունների խաղաղ ցույցի մասնակիցների նկատմամբ:
Առանց որևէ օրինական պահանջ ներկայացնելու` ոստիկանությունը բերման է երթարկել 20 անձի, որոնց թվում «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամներ, Հայ Ազգային Կոնգրեսի վարչության անդամներ, փաստաբաններ, ակտիվիստներ, լրագրող, քաղաքացիներ. Արշակ Մուսախանյանին, Հրայր Մանուկյանին, Սարգիս Գևորգյանին, Արեգ Գևորգյանին, Թաթուլ Սարոյանին, Դավիթ Վարդանյանին, Վարդան Հարությունյանին, Սերգեյ Գրիգորյանին, Սերոբ Գասպարյանին, Արթուր Մարտիրոսյանին, Ավետիս Ավագյանին, Գարիկ Ասատրյանին, Հայկ Պետրոսյանին, Տիգրան Եգորյանին, Էդիկ Տեր-Կարապետյանին, Փայլակ Թևանյանին, Մերուժան Հանեսյանին, Արսեն Շահբազյանին, Ալբերտ Մարգարյանին, Սերգեյ Կյուրեղյանին:
Ոստիկանությունը, կոպտորեն խախտելով ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները, բերման ենթարկելու գործողություններ է կատարել նաև պատգամավորական անձեռնմխելիությամբ օժտված ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի նկատմամբ:
Շարունակելով ապօրինությունները, ոստիկանությունը տևական ժամանակ խոչընդոտել է բերման ենթարկվածների փաստաբանների, ինչպես նաև ՄԻՊ արագ արձագանքման խմբի մուտքը ոստիկանության Արաբկիրի բաժին:
Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է ոստիկանության այս խայտառակ գործողությունը, պահանջում է պատկան մարմիններից բացահայտել և պատասխանատվության ենթարկել ապօրինի գործողությունների հրաման արձակողներին և դրանք կատարողներին»:
Տեղի ունեցածի վերաբերյալ երեկ հայտարարություն էր տարածել ոստիկանությունը, որտեղ նշվում է, որ հավաքի մասնակիցների կողմից օրենքով նախատեսված իրենց պարտականությունը չկատարելու հիմքով (իրավախախտում` նախատեսված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1801-րդ հոդվածի 11-րդ մասով) հավաքի մի շարք մասնակիցներ բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժին:
Ոստիկանության սպաների կողմից` բերման ենթարկվողների մեջ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Մանուկյանին տեղում նկատելուց հետո, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածը, պատգամավորի նկատմամբ որևէ միջոց չի կիրառվել:
Նախորդող լուրեր՝
Բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել, բացի մեկից
Օսիպյան. Զուրաբյանը ստում էր
Զուրաբյանը կոչ արեց շարժվել դեպի Ոստիկանության Արաբկիրի բաժին
Ոստիկանություն. Բերման ենթարկվածները 21-ն են
ԱԺ դիմացից չորս անձ բերման է ենթարկվել ոստիկանություն
Օսիպյան. Լսեք, պարոն Զուրաբյան, դո՞ւք եք ադեկվատը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում